Եվրախորհրդարանը 27 կետից բաղկացած բանաձեւ է ընդունել Ղազախստանում հունվարյան իրադարձությունների վերաբերյալ։ Բանաձեւում եվրոպացի պատգամավորները պնդում են, որ Ղազախստանի իշխանությունները բողոքի ցույցերին պատասխանել են անհամաչափ բռնությամբ, օգտագործել են «ահաբեկչություն» եւ «ծայրահեղականություն» եզրերը՝ սահմանափակելու համար խոսքի ազատությունը եւ այլակարծությունը։
Պատգամավորները կոչ են արել միջազգային հետաքննություն սկսելու եւ պատժամիջոցներ սահմանելու ղազախստանցի պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար։
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի՝ «առանց նախազգուշացման կրակել» հրամանը Եվրախորհրդարանը գնահատել է որպես կյանքի իրավունքը հարգելու եւ պաշտպանելու՝ Ղազախստանի միջազգային իրավական պարտավորությունների խախտում: