Ըստ Euronews հեռուստաալիքի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով դատապարտում եւ մերժում է Հոլոքոստի ժխտումը որպես պատմական փաստ։ Փաստաթուղթը նախաձեռնել են Իսրայելն ու Գերմանիան, համահեղինակել է ավելի քան 60 երկիր։ Բանաձեւը հաստատվել է կոնսենսուսով, այսինքն՝ առանց քվեարկության։
«Հոլոքոստի հիշողությունը ցեղասպանության նոր դեպքերի կանխարգելման բանալին է»,- նշված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարածած հաղորդագրությունում։
ՄԱԿ-ում Իսրայելի բանագնաց Գիլադ Էրդանը նշել է, որ աշխարհի բնակչության միայն 54%-ն է լսել Հոլոքոստի մասին, իսկ մարդկանց մեկ երրորդը թերահավատորեն է վերաբերվում փաստերին:
Նա նշել է, որ ոմանց կարծիքով զոհերի թիվը չափազանցված է, մյուսներն էլ հավատացած են, թե Հոլոքոստը սոսկ առասպել է:
«Քանի որ Հոլոքոստը վերապրածների թիվը նվազում է, սոցիալական մեդիան ավելի շատ է երիտասարդների մեջ իրականության վերաբերյալ կասկածներ սերմանում եւ ամրապնդում ստի հանդեպ հավատը»:
ՄԱԿ-ը սոցցանցերի սեփականատերերին հորդորել է թույլ չտալ, որ իրենց կայքերն օգտագործվեն հակահրեականություն քարոզելու եւ պատմությունը խեղաթյուրելու համար: