Ազգային ժողովը 56 «կողմ», 8 «դեմ», 16 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Օրինագծով արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով՝ բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդների:
Թույլատրվում է գովազդներ տեղադրել նաեւ ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։ Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:
2009-ից «Գովազդի մասին» օրենքով շահումով խաղերի գովազդի արգելքը հանվել էր: Ըստ պաշտոնական վիճակագրության` մինչեւ 2020-ը միայն համացանցով կատարված խաղադրույքների ծավալը 2018-ի համեմատ ավելացել է 6 անգամ, իսկ խաղացողների թիվը՝ 3 անգամ, իսկ 2021-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք: