Ըստ Արցախի դատախազության մամուլի ծառայության՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 1-ին կետում նշված «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պայմանը։ 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2022-ի հունվարի 1-ը Ադրբեջանի զինված ուժերը արցախահայության նկատմամբ կատարել են 69 հանցագործություն։ Դրանցից 54-ի դեպքում քրեական գործ է հարուցվել։
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կոպիտ խախտման հետեւանքով սպանվել են մարդիկ, խախտվել մարդու հիմնարար իրավունքները:
Դատախազությունն արձանագրել է սպանության 5 հանցավոր դեպք (այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության 3 դեպք), սպանության փորձի 28 դեպք, որից 19-ը` ուղղված զինվորականների դեմ: Գրանցվել են 1 ահաբեկչական գործողություն, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման 16 դեպք, որից 10-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում, գույքի ոչնչացման ու վնասման փորձի 5, գողության 3, կողոպուտի 2, գերեզմանները ոչնչացնելու 3, խոշտանգման 4, սպանության սպառնալիք տալու եւ մարդու առեւանգման 1-ական դեպքեր։
Ադրբեջանական զինծառայողները սպանել են 3 քաղաքացիական անձի, 10 զինվորականի, սպանության փորձ է կատարվել 77 անձի նկատմամբ, որոնցից 50-ը՝ զինվորական, տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ, որոնցից 28-ը՝ զինվորական, ֆիզիկական բռնության է ենթարկվել 8 մարդ, սպանության սպառնալիքի` 2 մարդ:
Արցախցիներին պատճառվել է 17,710.000 դրամի գույքային վնաս, հափշտակվել են խոշոր եղջերավոր անասուններ եւ 1 տրանսպորտային միջոց:
Արցախի դատախազությունը շեշտել է, որ բացի նշված դեպքերից՝ 2020-ի նոյեմբերից մինչ օրս Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու եւ Շուշիի շրջանների գյուղերի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ։
Դատախազությունն ընդգծել է՝ Ադրբեջանի ահաբեկչական ու ցեղասպան գործողությունների ընդարձակումը զսպում են հայ զինվորն ու ռուսական խաղաղապահ ուժերը: