Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունվարի 22-ի վաղ առավոտյան Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայան է հասել 200 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ եւ 90 տոննա ընդհանուր քաշով՝ առաջնագծի պաշտպանության համար նախատեսված ամերիկյան զենք-զինամթերքի առաջին խմբաքանակը՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու նպատակով:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ռազմական աջակցության տրամադրումը Կիեւին արտոնել էր դեռ 2021-ի դեկտեմբերին:
«Նվիրատվությունը վկայում է Ուկրաինայի ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքի հանդեպ ամուր հավատարմությունը»,- նշված է հաղորդագրությունում:
ԱՄՆ-ը նախորդ տարի Ուկրաինային հատկացրել է ավելի քան 650 միլիոն դոլար, իսկ 2014-ից ի վեր Ուկրաինային տրամադրված օգնության ծավալը ավելի քան 2,7 միլիարդ դոլար է:
Կիեւում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին հանուն երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության: