Արմեն Սարգսյանը երեկ հայտարարել է նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: Տեքստը հրապարակվեց կիրակի երեկոյան՝ ոչ աշխատանքային օրով: Զարմանալի զուգադիպությամբ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրեց արտերկրից, ճիշտ նույն կերպ նա վարվել էր 1997 թվականի փետրվարին, երբ հրաժարական էր ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից՝ գտնվելով Լոնդոնում:
Իր որոշումն Արմեն Սարգսյանը, եթե հակիրճ ձեւակերպենք, այսպես է պատճառաբանել. լինելով պետականության երաշխավոր` հանրապետության նախագահը Սահմանադրությամբ չունի երկրում իրավիճակի վրա ազդելու որեւէ լծակ, որեւէ գործիք: «Ես շատ երկար եմ մտածել եւ որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասված է հայտարարությունում:
Հանուն արդարության նշենք, որ Արմեն Սարգսյանը միանգամայն ճիշտ է նկարագրել իրավիճակը. իսկապես նախագահը, որ Սահմանադրության համաձայն պետության գլուխն է, պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը (հոդված 123), նույն այդ Սահմանադրությամբ գործնականում չունի որեւէ լուրջ լծակ: Լավագույն դեպքում կարող է միայն հայտարարություններ անել, ներկայացուցչական դեր խաղալ եւ վերջ:
Բայց մյուս կողմից նկատենք, որ այս իրավիճակն ամենեւին էլ նոր չի ստեղծվել, ոչ էլ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման այս չորս տարիների ընթացքում են «տարել լիազորությունները»:
Արմեն Սարգսյանը 2018 թվականին համաձայնեց դառնալ երկրի նախագահ այս Սահմանադրության պայմաններում, հենց այս լիազորություններով: Եվ այն ժամանակ նա կարծես թե ամենեւին էլ դեմ չէր նախագահի սահմանափակ լիազորություններին. համենայն դեպս, նրա ելույթներում դժգոհության որեւէ նոտա, որեւէ ակնարկ չկար այդ մասին: Նույնիսկ նախագահի նստավայրը զիջեց մեկ շաբաթով վարչապետ դարձած Սերժ Սարգսյանին, եւ ինքը տեղափոխվեց կառավարության ընդունելությունների տուն:
2018-ի ապրիլյան հայտնի իրադարձություններից հետո միայն Արմեն Սարգսյանը սկսեց պարբերաբար դժգոհել նախագահի սահմանափակ լիազորությունների սակավությունից՝ երբեմն ակնարկներով, երբեւմն ուղիղ տեքստով: Բայց, այնուամենայնիվ, փաստորեն այդպես աշխատեց չորս տարի:
Աշխատեց, թեեւ ակնհայտ էր, որ գործող իշխանությունը նրա լիազորություններն ավելացնելու որեւէ ցանկություն չունի, եթե չասենք ավելին՝ նրա ցանկացած քայլ իշխանության ներսում ընդունվում էր «սրերով», «խանդով»: Նաեւ ակնհայտ է, որ եթե այս իշխանությունն ինչ-որ պահի որոշի սահմանադրական փոփոխություններով ընդլայնել նախագահի լիազորությունները, ապա դա կանի բացառապես Նիկոլ Փաշինյանի համար, նրան այդ պաշտոնում կարգելու նպատակով:
Տարեկան մոտ 1.5 մլրդ դրամ՝ նախագահականին
Մինչ այդ, հետաքրքիր է, այս տարիներին ՀՀ պետական բյուջեի վրա որքան է արժեցել նախագահի ինստիտուտը, կառույց, որի ղեկավարը փաստորեն չի ունեցել իրավիճակի վրա ազդելու որեւէ հնարավորություն:
Համաձայն պաշտոնական փաստաթղթերի` 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է մոտ 1.4 մլրդ դրամ, 2019-ին «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» հոդվածով հատկացվել է մոտ 1.5 մլրդ դրամ, 2020 թվականին՝ ավելի քան 1.4 մլրդ դրամ, 2021-ին՝ 1.6 մլրդ դրամ, եւ վերջապես, այս տարվա բյուջեով նախատեսված է տրամադրել 1.6 մլրդ դրամ:
Այսինքն՝ լիազորությունների դեֆիցիտից բողոքող նախագահ Սարգսյանի գործունեություն համար հարկատուներիս հաշվին ծախսվել է ավելի քան 12 միլիոն ամերիկյան դոլար։ Երեք միլիոն էլ ծախսվելու է այս տարի։
Ի՞նչ է լինելու հետո
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Սա նշանակում է, որ նախագահի ընտրությունը պետք է անցկացվի մինչեւ մարտի 1-ը:
Նախագահին ընտրելու է ՀՀ ԱԺ-ն՝ յոթ տարի ժամկետով: Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ 27 հոգի:
Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը՝ 81 քվե:
ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում կա 105 պատգամավոր, որոնցից 35-ը ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներից են։ 70 պատգամավորով «Քաղաքացիական պայմանագիրն» ինչպես է սեփական նախագահ ընտրելու` ցույց կտա ժամանակը։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: