Հայաստանի հյուսիսում ցրտերը սաստկանում են, խնդիրները՝ բազմապատկվում։ Շիրակի մարզում 3456 ընտանիք գոյատեւում է ժամանակավոր կացարաններում։ Կիսակառույցների ու վթարային շենքերի բնակիչների խնդիրները եւս քիչ չեն։ Հարցի լուծման պետական ոչ մի ծրագիր առայժմ չկա: Թե երբ կլինի, հայտնի չէ։
Ցրտահարվելու վտանգը աչքի առաջ, կացարանը ջեռուցելու եւ օրվա հացի խնդիրը լուծելու մտահոգությամբ օրական տասնյակ մարդիկ են թակում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության դուռը։
Տարիներ շարունակ այս մարդկանց հետ ամենօրյա շփում ունեցող հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում առանձնացնում է չքավորության տարբեր կողմերն ու վտանգները։ Խնդիրը վաղուց դուրս է եկել զուտ սոցիալական դաշտից, ավելի վտանգավոր է դարձել հիմնախնդրի հոգեբանական կողմը։
«Գյումրիում կյանքը երկու աշխարհների է բաժանվել։ Առաջինում՝ սովորական առօրյայով, իրենց բնակարաններում լավից-վատից ապրող մարդկանց, երկրորդում տնակներում ապրողների կյանքն է։ Ցավոք, այս երկու աշխարհների անջրպետն օր օրի ավելի է խորանում››,- ասում է Թումասյանը։ Նա նկատել է, որ սոցիալական շփումը վերանում է այս երկու բեւեռներում ապրող մարդկանց միջև, անգամ աղջիկ չեն տալիս տնակում ապրողներին։
«Համատարած քաոսի, պատերազմական ու հետպատերազմական դրության, սահմանային խնդիրների, անհամար վիրավոր զինծառայողների հիմնախնդիրների համայնապատկերին Շիրակի մարզի անօթեւանության հարցը կարծես դուրս է եկել մոդայից։ Խնդիրը հնացած է, տնակներում գոյատեւողների թեման՝ ոչ ակտուալ»,- մտահոգվում է Վահան Թումասյանը։
Միայն այս ձմռանը «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն 200 խմ վառելափայտ է բաժանել կարիքավորներին, գործընթացն ակտիվ շարունակվում է ամեն օր։ Կենտրոնի նախագահը շնորհակալություն է հայտնում ծրագրի բոլոր աջակիցներին ու կարեւորում անգամ ամենափոքր ներդրումը։ «Մտածելն անգամ սարսափելի է, թե ինչ կլիներ ծայրահեղ աղքատության ճիրաններում ապրող ընտանիքների եւ միայնակ տարեցների վիճակը առանց այս ծրագրի»,- ասում է Թումասյանը։
Այցելում ենք վառելափայտի ծրագրի շահառու ընտանիքներից մեկին՝ Մովսիսյաններին։ Անմխիթար պայմաններում գոյատեւող ընտանիքը 1991 թվականից ապրում է այս տնակում։ Տանտիկինը՝ Հերմինեն, պատմում է, որ երբ տեղափոխվեցին Սախարովի հրապարակին կից տնակային ավանի 209/238 հասցեում գտնվող տնակում ապրելու, մտածում էին, որ մեկ կամ առավելագույնը երկու տարուց իրենց տունը կունենան։ ‹‹Սակայն ով իմանար, որ մի ողջ կյանք այստեղ ենք մաշելու։ Երեխաներ ունեցանք, մեծացրինք այս պայմաններում։ Տնակում ապրելու զգացողությունը բառերով փոխանցել հնարավոր չէ, պետք է ապրես, որ հասկանաս՝ ինչ տանջանք է››։
Տիկին Հերմինեն ամբողջ ձմեռ անկողինները չի հարդարում, ցերեկը չորացնում են վերմակ-ներքնակները, որ մի կերպ քնել լինի։
Վառարանից մի քանի մետր հետու պատերը փայլում են սառցակալումից։ Իսկ ամեն առավոտ, մի քանի ժամ շարունակ, դրսի աղբյուրը հալեցնելն իսկական տանջանք է։ ‹‹Գալիս են, նայում ու գնում, իսկ մեր կյանքը չի փոխվում։ Մենք չենք ապրում, մենք գոյատեւում ենք››,- ասում են Մովսիսյանները։
«Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանն առաջարկում է սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում գոյատեւող ընտանիքների համար բացառություն անել՝ հունվարի կոմունալ վճարները չմուծելու համար գոնե մեկ-երկու ամիս չանջատել բնակիչների լույսի ու գազի մատակարարումը․ ‹‹Թող մի անգամ էլ մի քիչ մարդ լինեն››,- ասում է Թումասյանը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։