Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սեւան Նշանյանը Հունաստանի իշխանությունների՝ իրեն տրված ժամկետում լքել է Հունաստանը:
Նշանյանը հույս ունի ինչ-որ դերակատարություն ունենալու հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացում: Նա իր այդ մտադրությունը չի թաքցրել «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ ասելով, որ եթե մինչեւ հիմա վախենում էր, թե իրեն Հունաստանից կարտաքսեն Թուրքիա (որտեղից փախել էր, ընդ որում՝ բանտից) եւ այնտեղ կարող են մինչեւ կյանքի վերջ պահել բանտում, այժմ այլ զարգացումներ կան: «…Վերջին օրերին Թուրքիայում ինձ համար շատ զարմանալի զարգացումներ կան: Բավական բարձրաստիճան մարդիկ շատ անսպասելիորեն ինձ առաջարկել են գալ Թուրքիա՝ խոստանալով լուծել իմ խնդիրները: Այսպիսի նախաձեռնություն կա, որոշ դռներ են բացվել, բայց չգիտեմ՝ ինչ կստացվի: Ենթադրում եմ, որ վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունները հալոցքի փուլում են, լուրջ մերձեցում է նկատվում: Գուցե այս համատեքստում ինչ-որ լուծման ճանապարհ կարելի է գտնել: Շատ լավ կլինի, եթե ստացվի»,- լրատվամիջոցին ասել է Նշանյանը՝ ավելացնելով, որ ոգեւորությամբ հետեւում է հայ-թուրքական հարաբերություններին եւ պատրաստ է այդ գործընթացում ունենալու իր ավանդը:
Այդ հարցազրույցից մեկ շաբաթ հետո «Ակոս» թերթին տված հարցազրույցում Սեւան Նշանյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ արտաքսելուց հետո իրեն երկիր մուտք գործելու հնարավորություն տալու համար, բայց ասել է, թե ինքը դժվարանալու է այդ տարիքից հետո նոր կյանք սկսելուց, ուստի արտաքսվելուց հետո Հայաստան գնալու քայլը հարցականի տակ է դրել: «Ակոս»-ը նրա հետ հարցազրույցը հենց այդպես էլ վերնագրել է՝ «Հայաստանին երախտապարտ եմ, բայց…»:
Հունաստանում Հայաստանի դեսպանատունն այս տարվա սկզբին մեծ ջանքեր էր գործադրել, որ Նշանյանը Հունաստանից չարտաքսվի Թուրքիա, հայտնել, որ նա, իբրեւ ՀՀ քաղաքացի, հնարավորություն ունի Հայաստան գնալու:
«Ալիք Մեդիա»-ն հարցեր էր ուղղել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե Հունաստանի կողմից 2021-ի հոկտեմբերին «անցանկալի անձ» նկատված Նշանյանին ընդունելն ինչքանով կվնասի հայ-հունական հարաբերություններին: Նախարարությունն անպատասխան էր թողել մեր այս հարցը: Անպատասխան էր մնացել նաեւ այն հարցը, թե թուրքական բանտից փախած այլախոհ մտավորականին ընդունելն ինչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների՝ նոր սկսվող գործընթացի վրա: Հայաստանի արտաքին գերատեսչությունից պատասխանել են միայն մեր այն հարցին, թե ինչ պայմաններով է Հայաստանը պատրաստվում ընդունելու Սեւան Նշանյանին: «Սեւան Նշանյանը՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օգտվում է ՀՀ քաղաքացիների համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներից»,- հայտնել են լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից:
Սեւան Նշանյանն այժմ Փարիզում է: Մե՛կ Թուրքիա գնալու, մե՛կ Հայաստան չգալու իր հակասական հայտարարություններին նա մի քանի օր առաջ սոցիալական ցանցերի իր էջերում ավելացրել է եւս մեկը. «Փարիզից հետո որոշ ժամանակով կլինեմ Հայաստանում»:
Հիշեցնենք, որ Հունաստանի իշխանությունները 2021-ի դեկտեմբերի 30-ին ձերբակալել էին Սիրոս կղզում Թուրքիայից փախչելուց հետո բնակվող պոլսահայ Սեւան Նշանյանին՝ կացության կարգավիճակի ժամկետը մեկ օր առաջ լրանալու պատրվակով: Այնուհետեւ նրան ազատ են արձակել՝ երկիրը լքելու պայմանով: Նշանյանը, սակայն, ասել էր, թե ձերբակալության եւ իրեն Հունաստանից արտաքսելու որոշման հետեւում այլ պատճառներ կան. ըստ նրա՝ կղզու բնակիչները բամբասանքներ էին տարածել, թե «մի թուրք է եկել, որ գնի կղզու տները», «սրանք մզկիթ էլ կկառուցեն» եւ այլն, ինչը, ասում է, երկրում տարօրինակ մթնոլորտ է ստեղծել իր անվան շուրջ:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։