Ըստ ամերիկյան «Financial Times» պարբերականի՝ Թուրքիայի քաղաքացիներն իրենց ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումային տատանումների ու գնաճի պատճառով լիրայով արված իրենց խնայողությունները մեծ թափով վերածում են կրիպտոարժույթների:
Կրիպտոարժույթների փոխակերպվող գումարի չափերի վերաբերյալ անհանգստություն է հայտնել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուն օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ:
Կրիպտոարժույթների վերաբերյալ «Chainalysis»-ի կազմած զեկույցում նշվել է, որ 2021-ին Թուրքիայի կրիպտոարժույթների շուկայում կատարված գործարքների ծավալները նախորդող տարվա համեմատ ավելացել են 15 անգամ: Իսկ վերջին 1 տարվա ընթացքում Թուրքիայում կատարված Bitcoin-ի գործարքներն աճել են 9 անգամ: Գործարքների ծավալով Թուրքիան առաջին տեղում է հայտնվել Մերձավոր Արեւելքում:
Զեկույցի համաձայն՝ Մերձավոր Արեւելքում շատերն իրենց խնայողություններն ազգային արժույթների արժեզրկումից ապահովագրելու համար վերածում են կրիպտոարժույթների: Նման միտում կա նաեւ Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի զարգացող շուկաներում: Վերջին վեց ամսում թուրքական լիրայով այս կրիպտոարժույթի գնումների ծավալներն ավելացել են 360 տոկոսով։
Կրիպտոարժույթ. գաղտնագրային մեթոդների վրա հիմնված եւ վերահսկվող թվային արժույթի տեսակ։ Եզրույթը հաստատվել է 2011-ին «Ֆորբս» ամսագրում «Crypto currency» հոդվածի հրապարակումից հետո։ Բիթքոինի հեղինակը՝ Սատոշի Նակամոտոն, ինչպես նաեւ շատ ուրիշներ, օգտագործեցին «էլեկտրոնային դրամական միջոցներ» եզրույթը: