Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների շահերն ու անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ցավոք, «Ռուսաստանն այժմ ապրում է ագրեսիվ միջավայրում»։ «Կարդում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների՝ մեզ ուղղված բացարձակ ոչ բարեկամական հայտարարությունները: Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»,- շեշտել է Պեսկովը։
Պուտինին ու Զելենսկուն ընդունելու հարցում որոշակի ոչինչ չկա
Դմիտրի Պեսկովը հայտարարել է նաեւ, որ Ուկրաինա կատարելիք այցից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը Մոսկվան ու Անկարան չեն քննարկել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Վլադիմիր Զելենսկիին հրավիրել են Թուրքիա՝ քննարկելու եւ կարգավորելու տարաձայնությունները։
Ըստ Էրդողանի ներկայացուցչի՝ Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր ստանձնելու՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եղած լարվածությունը նվազեցնելու համար: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկայում այցելել Ուկրաինա։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Անկարայի առաջարկի, նշել էր, որ եթե թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա եւ մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, դա կարելի է միայն ողջունել։