Աշխարհում դժվար է գտնել մեկ այլ պետություն, որտեղ նույն գործիչը հրաժարական տված լինի ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի պաշտոններից: Երկու դեպքում էլ նա հրաժարական է տվել Հայաստանից դուրս՝ Լոնդոնից, որն, ըստ էության, նրա եւ ընտանիքի տունն է ավելի քան 30 տարի:
Պարոն Սարգսյանի կյանքը սերտորեն կապված է եղել Մեծ Բրիտանիայի հետ, երբ դեռ Հայաստանը Խորհրդային Միության մաս էր: Թողնելով եվրոպական գիտական հաստատություններում եւ համալսարաններում գործունեությունը՝ նա միացավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ 1991-1996 թվականներին զբաղեցրեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետեւ՝ դեսպանի պաշտոնները: Նույն ժամանակահատվածում Սարգսյանը եղել է Եվրոպայի ավագ դեսպան, Հայաստանի դեսպանը Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:
1996-ի աշնանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով նա ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Հրանտ Բագրատյանին: Տարիներ անց՝ 2007 թվականի նոյեմբերի 3-ին, Տեր-Պետրոսյանը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում պատմել է, թե ինչու է վարչապետ նշանակել Արմեն Սարգսյանին:
«Ես անկեղծորեն պիտի խոստովանեմ. 1996 թվականի աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Երբ մենք Անգլիայից հրավիրեցինք Արմեն Սարգսյանին, դա հաղթահարվեց. նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական, եւ շատ դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից: Բայց նա ժամանակ չունեցավ որեւէ գործ անելու: Երկու ամիս անց լուրջ հիվանդացավ եւ վերադարձավ Լոնդոն: Մենք արդեն հայտնվեցինք ավելի դժվար վիճակում, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ»,- ասել է առաջին նախագահը:
Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրեց 1996 թվականի նոյեմբերի 4-ից մինչեւ 1997 թվականի մարտի 7-ը, թեեւ արդեն փետրվարի սկզբին նա մեկնել էր Լոնդոն՝ վիրահատության, և չէր վերադարձել՝ այնտեղից ներկայացնելով իր հրաժարականը: 1997-ի մարտին Հայաստանի վարչապետ նշանակվեց Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մեկ տարի անց պարոն Սարգսյանը վերանշանակվեց Միացյալ Թագավորությունում եւ, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի դեսպան:
2000-ից մինչեւ 2013 թվականը, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա արտաքին քաղաքական թիմը Արմեն Սարգսյանին դուրս էին դրել Հայաստանի դիվանագիտական կորպուսից, նա ծավալում էր բիզնես, խորհրդատվական գործունեություն:
2013-2018 թվականներին, արդեն երրորդ անգամ, նա զբաղեցնում է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
Երբ Հայաստանում տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց մնալ իշխանության ղեկին, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում, Արմեն Սարգսյանը համաձայնեց դառնալ Հայաստանի նախագահ: Երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, «Հետքը» հրապարակեց մի հետաքննություն, որում մանրամասն ներկայացվում էր Հայաստանի չորրորդ նախագահի բիզնեսները Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՊՀ երկրներում եւ օֆշորային գոտիներում:
2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը՝ իշխանական ՀՀԿ-ն, նրա կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ-ն եւ Ծառուկյան դաշինքը, Արմեն Սարգսյանին ընտրեցին Հայաստանի չորրորդ նախագահ:
Խորհրդարանում ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում եւ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ուղղած հարցերում ընդգծում էին, որ առաջադրման իսկ պահից նա օրինականության խնդիր ունի, քանի որ չի կարողանում տեղեկանք բերել եւ փաստաթղթերով հիմնավորել, որ 2011-ից ՀՀ քաղաքացի է։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։ Մարտի 1-ին խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից դիմելով Արմեն Սարգսյանին, հայտարարեց․ «Դուք Հայաստանի նախագահ չեք ընտրվում, Դուք ընտրվում եք իշխող մաֆիայի, իշխող կլանի անդամ»։
Պարոն Սարգսյանը այպես էլ հստակ չպարզաբանեց՝ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվե՞լ է 2011-ին։ 2021-ին Գլխավոր դատախազությունը նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործ հարուցեց, որով Հատուկ քննչական ծառայությունը պետք է քններ՝ Սարգսյանը 2018-ի ընտրության ժամանակ ներկայացրե՞լ է Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել-չլինելու մասին փաստաթղթեր, թե՞ ոչ։
Ավելի քան 50 փաստաբաններ փորձում էին ապացույցներ ներկայացնել, որ 2018 թվականին խորհրդարանի կողմից ընտրված նախագահ Սարգսյանը նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Ուշագրավ է, որ այս փաստաբանները լռում էին 2018-ի գարնանը, երբ Արմեն Սարգսյանը դառնում էր Սերժ Սարգսյանի թեկնածուն նախագահի պաշտոնում:
2018-ի հեղափոխության օրերին՝ ապրիլի 21-ին, արդեն նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում հանդիպեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հինգ օր անց՝ ապրիլի 26-ին, պարոն Սարգսյանը ուղերձ հղեց, որում մասնավորապես ասվում էր. «Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է: Հայաստանի պատմության մեջ ունենք այլեւս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հպարտ եմ, որ տեսնում եմ այսօրվա Հայաստանը, եւ ուրախ, որ ապրելու եմ վաղվա հզոր, միասնական, արդար եւ ծաղկող Հայաստանում: Բարի լո՛ւյս, Հայաստան: Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի»:
Հայաստանի համար կենսական երկու հարցերում՝ Արցախ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, պարոն Սարգսյանը խորքային ելույթներ չի ունեցել, հարցազրույցներ չի տվել: 2018-ի նոյեմբերին Գերմանիայի համալսարաններից մեկում ելույթից հետո, պատասխանելով ադրբեջանցի ուսանողի հարցին, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ եկել է ղարաբաղյան խնդիրը լուծելու ժամանակը:
«Հայաստանն ունի նոր կառավարություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիեւի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար եւ խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հե՞շտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր եւ մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ»,- ասել էր Սարգսյանը:
2020 թվականի ամռանը, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ բախումների էր գնացել Տավուշում, եւ զգացվում էր նոր պատերազմի մահաբեր հոտը, Արմեն Սարգսյանը մի հարցազրույցում կարեւորեց 1920 թվականի Սեւրի պայմանագիրը, որը թղթի վրա Հայաստանին տալիս էր 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
2020-ի նոյեմբերի 10-ին՝ 44-օրյա աղետից ժամեր անց, պարոն Սարգսյանը հայտարարեց, որ մամուլից է տեղեկացել պատերազմը դադարեցնելու եւ զինադադարի պայմանների մասին:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։