Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ համաձայնությունը բանտարկյալների փոխանակման շուրջ, սակայն այդ հարցը պետք է քննարկվի ատոմային գործարքից առանձին:
Անդրադառնալով ԱՄՆ բանտերում պահվող իրանցի քաղաքացիների դրությանը՝ Խաթիբզադեն նշել է, որ այդ հարցի վերաբերյալ Իրանն առջին օրվանից հայտնել է իր անհանգստության մասին: Դիվանագետը հավելել է, որ եթե հակառակ կողմը ցանկություն հայտնի, բանտարկյալների փոխանակության եւ միջուկային գործարքին վերադառնալու հարցերի շուրջ համաձայնությանը կարելի է հասնել ամենակարճ ժամկետներում:
Իրանի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին ավելի վաղ բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնը հազիվ թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքի շուրջ, եթե իրանական կողմը ԱՄՆ չորս քաղաքացիներին ազատ չարձակի:
Ամերիկացիները համոզմունք են հայտնել, որ Իրանն այդ մարդկանց պատանդ է պահում: Ի պատասխան՝ իրանական կողմը հայտնել է, որ ամերիկացիների նման հայտարարությունները սոսկ բարդացնում են համաձայնության ձեռքբերումը: