Այսօր Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ, 68 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ օմբուդսմենի պաշտոնում ընտրեց ՔՊ-ի առաջադրած թեկնածու, արդարադատության նախկին փոխնախարար 40-ամյա Քրիստինե Գրիգորյանին։ Խորհրդարանական ընդդիմությունը քվեարկությանը չէր մասնակցել՝ համարելով, որ նա դառնալու է իշխանության պաշտպանը:
Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի լիազորությունները դադարեցվելու են փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016-ին։ Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանը կանցնի ԱԺ-ում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին: