Կանադական Probus Lethbridge Herald-ն անդրադարձել է Լեթբրիջի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Քրիս Բերթոնի՝ Արեւելյան Եվրոպայում ընթացող իրադարձությունների մասին դասախոսությանը: Բերթոնը, որ ժամանակին աշխատել է նախկին Խորհրդային Միությունում, դասախոսության ընթացքում անդրադարձել է մի շարք պատմական դեպքերի վերլուծությանը՝ կապելով դրանք ներկայի հետ:
Ըստ Բերթոնի՝ Ուկրաինայում ճգնաժամի հիմքը դրվել է 2014-ին՝ ռուսական զորքերի Արեւելյան Ուկրաինա ներխուժման պահից: Ճգնաժամին նախորդել էր 2013-ի Եվրոմայդանի շարժումը, որով ուկրաինացիներն իրենց բողոքն էին արտահայտում Վիկտոր Յանուկովիչի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հետ կանգնելու հանկարծակի որոշման դեմ:
Բերթոնը նշել է, որ պուտինյան ռեժիմը Դոնբաս եւ Ղրիմ ներխուժումներն արդարացնում է արտերկրում էթնիկ ռուսներին պաշտպանելու ենթադրյալ իրավունքով:
Դասախոսության ընթացքում Բերթոնն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի ճգնաժամին զուգընթաց տեղի ունեցած ղազախստանյան դեպքերին եւ դրանց՝ ՀԱՊԿ-ի միջամտությանը:
Նա նշել է, որ նավթային պաշարներից զատ Ղազախստանի տարածքում է գտնվում աշխարհի ուրանի պաշարների 40 տոկոսը: Հակառակ այդ հանգամանքի՝ երկրում աղքատության ցուցանիշները բարձր են, միջին ամսական աշխատավարձը 100 դոլարը չի անցնում: