Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հունվարի 24-ին կարգադրել է Կիեւում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։ Ըստ Պետդեպարտամենտի՝ վտանգ կա, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ։
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ որոշել է կրճատել Կիեւում գտնվող իր դեսպանատան աշխատակիցների թիվը՝ հետ կանչելով ոչ կենսական գործառույթ իրականացնողներին։ Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է աշխատել՝ այս լարված պահին աջակցելով Ուկրաինային։
Ի հեճուկս Բորելի լավատեսության
Մեծ Բրիտանիայի իշխանությունները Միացյալ Նահանգների օրինակով սկսել են տարհանել Կիեւում աշխատող բրիտանական դեսպանատան աշխատակիցներին։ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման որոշում է ընդունվել Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում։
Բրիտանական դիվանագիտական գերատեսչության համաձայն՝ Ուկրաինայում Միացյալ Թագավորության դեսպանատունը դեռեւս բաց է եւ իրականացնում է իր կարեւոր աշխատանքը։
Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, թե քանի դեռ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են, Ուկրաինայից դիվանագետներին ու նրանց ընտանիքներին տարհանելու լուրջ հիմք չկա:
Ըստ գերմանական Bild պարբերականի՝ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում իրավիճակի սրացման դեպքում այդ երկրից գերմանական դեսպանատան աշխատակիցների եւ նրանց ընտանիքների տարհանման ծրագիր է մշակել։