Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական պետական «Anadolu» գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ, սակայն որեւէ բառ ասված չէ քաղաքի հայկական անցյալի մասին։ Հոդվածում նշվել է, որ Անիի ավերակները նաեւ ձմեռային օրերին են գրավիչ զբոսաշրջիկների համար։ Անին այցելուներին այժմ ընդունում է ձյունածածկ գեղեցկությամբ։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի ավերակները Կարսում են։ Արփաչայի (Ախուրյան-խմբ․) երկու խոր կիրճերի մեջտեղում գտնվող Անին, որը 884-1045 թվականներին կառավարել են Բագրատունիները, 1045-1064-ին՝ բյուզանդացիները, 1064-ի օգոստոսի 16-ին նվաճվել է սուլթան Ալփարսլանի կողմից եւ կցվել Սելջուկյան պետության տարածքներին։ Շուրջ 100 հեկտար հողատարածքում կառուցված Անիում պատմության ընթացքում գոյություն են ունեցել բազմաթիվ քաղաքակրթություններ, քրիստոնյաները եւ մահմեդականները նախկինում ապրել են կողք կողքի»,- գրված է հոդվածում։
Թուրքական պետական գործակալությունը Անիի մասին հրապարակումներում խուսափում է հայերի մասին որեւէ հիշատակումից արդեն տարիներ շարունակ։ Դեռեւս 2014-ին դրա մասին «Ակոս» թերթում գրել է Սերդար Քորուջուն՝ ««Anadolu» գործակալությունը պատմության միջից ջնջել է հայերին» վերտառությամբ հոդվածում։ Նա ընդգծել է, որ 2008-ին Թուրքիայի մշակույթի նախարարությունը, Անիի մասին ծանուցող բովանդակությամբ կայք ստեղծելով, խուսափել է «հայ» բառի գործածումից:
Անին եղել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը: Քաղաքի տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից: Անին ունեցել է զարգացման երեք շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ.) եւ Զաքարյանների (XII-XIV դդ.)։ Հայտնի է եղել «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» եւ «Արեւելքի մարգարիտ» անվանումներով:
Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ դեր է ունեցել ոչ միայն որպես քաղաքական ու հոգեւոր կենտրոն` թագավորանիստ եւ կաթողիկոսանիստ, այլեւ քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առեւտրի, մշակույթի եւ արվեստի զարգացման առաջնակարգ վայր: Պատահական չէ, որ այս քաղաքի պատմության եւ մշակութային ժառանգության ուսումնասիրությունը հայագիտության մեջ առանձին անունով կոչվում է «անիագիտություն»: