Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Հայաստանի, Ղրղզստանի, Բուլղարիայի եւ Խորվաթիայի ուղղությամբ տոմսերի վաճառքն անցած տարի գերազանցել է բոլոր ռեկորդները։
Նշված երկրներում կարելի է կորոնավիրուսի դեմ պատվաստվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրամիության կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով։
Տոմսերի գնման «Ozon Travel» կայքի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2021-ին արտերկիր մեկնող ռուսաստանցիներն ամենից շատ այցելել են Երեւան։ Պատվաստվելու համար Մոսկվայից Երեւան կարելի է մեկնել ու վերադառնալ մեկ օրում։ Ռուսաստանցիները Հայաստան կարող են գալ առանց վիզայի, ներքին անձնագրով։
ՀՀ-ում արտասահմանցիներին երկու պատվաստանյութ են առաջարկում՝ «Moderna» եւ «AstraZeneca», երկուսն էլ երկբաղադրիչ են, ուստի անհրաժեշտ է երկու անգամ այցելել, երկրորդ դեղաչափից հետո եվրոպական հավաստագիր են տրամադրում։
Տոմսերի գնման «Ozon Travel» կայքի մամուլի ծառայությունը հրապարակել է մեկ ուղղությամբ Մոսկվայից Երեւան թռիչքի տոմսերի միջին արժեքը՝ 9-10 հազար ռուբլի, մինչդեռ խուսափել է հրապարակել հիմնականում պատվաստման նպատակով 2021-ին Հայաստան այցելած ռուսաստանցիների թվի մասին վիճակագրությունը։
ՀՀ առողջապահության նախարարությունը, ինչպես նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը, առ այսօր չեն հրապարակել ՀՀ-ում պատվաստված արտասահմանցիների թվի մասին առանձին վիճակագրությունը, ինչը կօգներ պատվաստված հայաստանցիների մասին պատկերն առավել ամբողջական դարձնելու։