Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի այսօրվա իրավիճակի համար շարունակում է մեղավորների փնտրել: Հունվարի 24-ի երեկոյան նրա թիրախում էին Հայաստանի երեք նախագահները: Փաշինյանը Հ1-ի եթերում հետեւողականորեն փորձում էր հիմնավորել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը արդեն իսկ ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում: Տպավորություն էր ստեղծվում, որ վարչապետն առաջիկայում պատրաստվում է ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հանրությանը դրան նախապատրաստում՝ փորձելով դա համարել չարյաց փորագույնը, իսկ ստացած բանակցային ժառանգության համար մեղադրել նախկիններին:
Վարչապետը նախ հիշեցրեց 1991 թվականի ԱՊՀ հիմնադրման փաստաթղթերը, որով, ըստ նրա, Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Դա, անշուշտ, ճիշտ է, ինչպես ճիշտ է նաեւ այն, որ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին եւ միջազգային այլ կազմակերպությունների անդամակցելով՝ պետություններն ինքնաբերաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, եթե անգամ դա հստակ չեն շեշտում:
Բայց Հայաստանը 1991-ից ի վեր երբեք չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Այսպես՝ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը Բաբկեն Արարքցյանի ստորագրությամբ «անընդունելի է համարել մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը», ինչպես նաեւ «Հայաստանի միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
1996-ին Լիսաբոնի գագաթնաժողովում, որի մասին հիշեց պարոն Փաշինյանը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտվեց վետոյի իրավունքից եւ թույլ չտվեց, որ ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունվի այն հայտարարությունը, որով Արցախը ամենաբարձր ինքնավարությամբ Ադրբեջանի մաս է կազմում: Լիսաբոնի եւ վետոյի էությունը սա է՝ Հայաստանը, ունենալով ընդամենը չորս տարվա դիվանագիտական անցյալ, դեմ է գնացել ԵԱՀԿ-ի, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կամքին եւ թույլ չի տվել փաստաթղթի ընդունում, որով Արցախը համարվի Ադրբեջանի տարածք: Հենց այդ մասին է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Լիսաբոնի հայտնի ելույթը:
«Մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում: Էլ ինչպե՞ս է հնարավոր դա ասել: Չէր կարող, չէ՞, ի տարբերություն Ձեր դիվանագիտական շռայլության, հայտարարել, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտպանը չեմ, բայց անթույլատրելի է խեղաթյուրել մեր ոչ վաղ անցյալի պատմությունը, այն մեկնաբանել ու ներկայացնել հատվածաբար եւ հատկապես այն հատվածները, որոնք կարող են խոսել Ադրբեջանի օգտին, ներկայացնել միջազգային փաստաթղթերի այն դրույթները, որոնք շահեկան են Ադրբեջանի համար:
Այսպես, պարո՛ն Փաշինյան, Դուք ասում եք, որ մադրիդյան առաջարկներում խոսվում է տարածքային ամբողջականության մասին, բայց չեք նշում, որ այդ նույն փաստաթղթում խոսվում է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին: Մեջբերում. «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանն ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թվականի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերն այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու, եւ կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:
Մադրիդյան փաստաթղթի էությունը ոչ թե տարածքային ամբողջականությունն է, այլ հե՛նց ինքնորոշման ամրագրումը՝ հանրաքվեի կամ պլեբիսցիտի ճանապարհով: Բնական է՝ Ադրբեջանը պետք է եւ տարիներ շարունակ հենց տարածքային ամբողջականության դրույթն է պրապագանդել, իսկ Հայաստանը՝ ինքնորոշման:
Այստեղ հիշեցնենք, որ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չեն կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը՝ դա թողնելով բանակացությունների վերջնարդյունքին: Ահա հենց այդ պատճառով է, որ Իլհամ Ալիեւը փորձում է թոշակի ուղարկել Մինսկի խմբին:
Հ1-ի եթերում վարչապետը խոսեց մի տեքստի մասին, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը եռանախագահներին հիշեցնում է 1988 թվականի նախկին ԼՂԻՄ-ի ազգային համամասնության մասին: Նախ՝ արդարացի կլինի հրապարակել այդ փաստաթուղթը եւ ոչ թե այն մեկնաբանել, մանավանդ որ դրա մասին խոսվում է առաջին անգամ: Երկրորդ՝ չի բացառվում, որ Սարգսյանը համաձայնած լինի ապագա հանրաքվեն անցկացնել 1988 թվականի ազգային կազմի համամասնությունը հաշվի առնելով, այն է՝ 75 տոկոս հայեր, 25 տոկոս ադրբեջանցիներ:
Այդպես էլ պետք է լիներ: Եթե դու համաձայնում ես հանրաքվեին, ապա պետք է ընդունես հենց 1988-ի համամասնությունը: Ավելին՝ 1997-ից ներկայացված առաջարկներում միշտ էլ շեշտվել է Շուշի ադրբեջանցիների վերադարձի առաջնահերթությունը: Ռոբերտ Քոչարյանն անգամ համաձայն է եղել, որ Աղդամից կամ Ֆիզուլիից դեպի Շուշի միջանցք լինի, որպեսզի Ադրբեջանը կապվի Շուշի վերադարձած ադրբեջանցիների հետ: Իսկ ինչպե՞ս պետք է բանակցեին Հայաստանի նախկին նախագահներն ու նրանց արտգործնախարարները՝ «Արցախը Հայաստան է եւ վե՞րջ»:
Վարչապետ Փաշինյանը հերթական անգամ խոսեց այն մասին, որ Արցախը միայն հայկական չի ընկալվել: Այո՛, միջազգային հանրությունը, մի կողմ եմ թողնում Ադրբեջանին, միշտ էլ ձգտել է Լեռնային Ղարաբաղը ներկայացնելու երկհամայնք, եւ դա արձանագրված է 1992 թվականի մարտի 24-ի Հելսինկիի հայտնի տեքստում, երբ խոսվում է «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչների» մասին: Բայց ինչո՞ւ մենք պետք է խոսենք այդ մասին: Պարզ է, որ միջազգային ամեն փաստաթուղթ կամ բանաձեւ ընդունվում է կոնսենսուսով: Չի կարող լինել միակողմանի հայամետ կամ ադրբեջանամետ տեքստ: Դա լինում է, երբ պարտադրում են փաստաթուղթ, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է: Հետեւաբար մենք պետք է խոսենք եւ խոսել ենք փաստաղթղթերի կամ բանաձեւերի հայամետ դրույթների, իսկ Բաքուն՝ ադրբեջանամետ դրույթների մասին:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։