2020-ին մեր երկիր ներթափանցած համավարակի ալիքն իր անսպասելի սահմանափակումներով կարծես կանգնեցրեց կյանքի ընթացքը։ Խոսում էինք ավելի շատ մահերի մասին, քան կյանքի ու «նոր կյանքերի»։
2020 թվականի վերջի վիճակագրությունը եվրոպական բազմաթիվ երկրներում ծնունդների թվի կտրուկ անկում ցույց տվեց: 2021-ին նկատվեցին ծնելիության մակարդակի վերականգնման նշաններ։ Հայաստանում այս ամենին գումարվեցին 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդող ճգնաժամային իրավիճակը։ Սակայն ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ 2020-ին ծնելիության նվազում չի գրանցվել։ 2019-ին Հայաստանում ծնվել է 36 041, 2020-ին՝ 36 353, 2021-ի 11 ամիսներին՝ 33587 երեխա (տվյալներում դեռ ճշգրտումներ կլինեն)։
«Նյու-Մեդ» ուրոգինեկոլոգիական կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, գինեկոլոգ, վիրաբույժ Արշակ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կա պարադոքսալ տենդենց․ կանայք, ի հեճուկս ամեն ինչի, ուզում են մայրանալ։ Կարծում է՝ առաջիկա տարիներին ծնունդների մեծ թիվ է գրանցվելու։
Հայաստանում ծնունդների անկումը սկսվել է 90-ականներին՝ պայմանավորված արտագաղթով եւ տնտեսական դժվարություններով։ Ծնունդների ամենափոքր թիվը գրանցվել է 2001-ին։ Արտագաղթի ալիք այսօր էլ կա։
Արշակ Սիմոնյանը մատնանշում է մի կարեւոր հանգամանք եւս. 44-օրյա պատերազմի զոհերի մեջ մեծ թիվ են կազմում 18-20 տարեկան տղաները, 5-6 տարի հետո մենք զգալու ենք այդ ամենի հետեւանքը ժողովրդագրական զարգացումների վրա։
Հարցին, թե ինչպես է սթրեսային իրավիճակներին արձագանքում կնոջ օրգանիզմը, պատասխանում է, որ սթրեսի հետեւանքով գինեկոլոգիական եւ տարբեր տիպի հիվանդությունները սրվում են, սակայն, որպես այդպիսին, գինեկոլոգիական հիվանդությունների աճ չի գրանցվել։
Գինեկոլոգը նկատում է, որ նոր սերնդի աղջիկները շատ ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, աստիճանաբար ձեւավորվում է պրոֆիլակտիկ հետազոտվելու կուլտուրան։ Այնուամենայնիվ, հիմնականում այցելում են բժշկի, երբ գանգատ ունեն, երկրորդը՝ պրոֆիլակտիկ նպատակներով, երիտասարդների շրջանում կա նաեւ մեկ այլ տենդենց․ հղիություն պլանավորելիս հետազոտվում են ե՛ւ ամուսինը, ե՛ւ կինը։
Սակայն 2020-ին եւ դրան հաջորդող տարում անգամ կանոնավոր հետազոտվող բուժառուների շրջանում այցելությունների ինտենսիվությունը պակասել է, 2022-ի սկզբից՝ նկատելիորեն ավելացել։
Արշակ Սիմոնյանը նշում է, որ յուրաքանչյուր կին վեց ամիսը կամ գոնե տարին մեկ պետք է հետազոտվի՝ հիվանդությունները կանխարգելելու, ուրոլոգիական խնդիրների դեպքում՝ առաջին փուլում բուժվելու հնարավորությունը բաց չթողնելու համար։ Ներկայացնում է նաեւ վիճակագրությունը․ հիմնական խնդիրը, որ հանդիպում է, հատկապես երիտասարդ կանանց շրջանում, սեռական օրգանների բորբոքումներն են: Պատճառները տարբեր են՝ մրսածություն, հիգիենիայի ոչ ճիշտ պահպանում, միջադիրներ, լողավազաններում լողալը (եթե սանիտարական կանոնները չեն պահպանվում), շատ սեռական զուգընկերներ ունենալը եւ այլն:
Երկրորդ խնդիրը պայմանավորված է հորմոնալ խախտումներով: Հորմոնալ խանգարման, ձվազատման խաթարման հետեւանքով հաճախ են հանդիպում ֆոլիկուլյար կիստաներ։ Հորմոնալ խանգարման հետեւանքով ի հայտ են գալիս մաշկային խնդիրներ, մազակալում, ավելորդ քաշ եւ այլ ախտանշաններ: Երրորդը ուռուցքաբանական հիվանդություններն են, բայց դրանք քիչ տոկոս են կազմում:
Անպտղությունը նույնպես բարձր տարածվածություն ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում։ Պատճառները տարբեր են՝ ինֆեկցիաները, ուրոլոգիական խնդիրները, ուշ ամուսնությունը եւ այլն։ Ինչ վերաբերում է անպտղության խնդրի հաղթահարմանը, գինեկոլոգը վստահեցնում է, որ վերարտադրողական բժշկությունը Հայաստանում համապատասխանում է միջազգային չափորոշիչներին եւ մեծ տեմպերով առաջ է գնում։ Կան բարձրակարգ կլինիկաներ, որ տալիս են անպտղությունը հաղթահարելու բոլոր հնարավորությունները (արտամարմնային բեղմնավորում, դոնորական ձվաբջջի կիրառում, փոխնակ մայրություն)։
Այստեղ պետք է նկատել, որ բնակչության որոշ խմբեր օգտվում են պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրից»։ Օրերս առողջապահության նախարարությունը ներկայացրեց ծրագրի արդյունքները․ 2021 թվականին ծնվել է 76 երեխա, գրանցվել է 211 հղիություն, 2021-ի փետրվարից շահառուների ցանկում ընդգրկվել են նաեւ 44-օրյա պատերազում զոհված զինծառայողների ծնողները․ ծնվել է 2 երեխա, գրանցվել է 27 հղիություն։ Կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ զոհված զինծառայողների ծնողներին փոխնակ մոր, դոնորական ծառայությունների ծախսերը փոխհատուցելու նախագիծը։
Արշակ Սիմոնյանը ողջունում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մայրերի պատրաստակամությունը։ Տարիքային սահմանափակումներին անդրադառնալով՝ ասում է, որ մայրանալու լավագույն տարիքը համարվում է 25-35-ը, առաջին երեխան ցանկալի է, որ ծնվի մինչեւ 30 տարեկանը․ «Ամբողջ աշխարհում տենդենցիան գնում է դեպի 40։ Դա այն սահմանն է, որ ցանկալի չէ անցնել։ Թեեւ գոյություն ունի անձնագրային տարիք եւ ֆիզիոլոգիական․ 42 տարեկանում կինը կարող է լինել միանգամայն առողջ ու պատրաստ՝ մայրանալու։ Դա համարենք ոչ ստանդարտ իրավիճակ»։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ աճել է մայրանալու տարիքը, նվազել է ծնելիության գործակիցը՝ մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների թիվը։ 2020-ի տվյալներով կանայք մայրանում են միջինը 28 տարեկանում։ 2010-ին մոր միջին տարիքը երեխայի ծնվելու ժամանակ մոտ 25 էր։ Վերջին տարիներին՝ մասնավորապես 2016-ից, ավելացել է նաեւ 35-39, 40-44 տարեկանում մայրացողների թվաքանակը։
Հայաստանում պտղաբերության ցուցանիշը ցածր է՝ 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ (մեկ ընտանիքում՝ 2-3 երեխա)։
Իսկ ի՞նչ արդյունք են տալու ծնելիության աճին միտված առողջապահական եւ սոցիալական ընդլայնվող ծրագրերը։
Արշակ Սիմոնյանի կարծիքով՝ ծնելիության համար առաջին հերթին դեր ունի մայրական բնազդը, երկրորդը՝ հարաբերություններն ընտանիքում, հետո միայն՝ նյութական վիճակը։ Այնուհանդերձ, փաստում է՝ ամուսնական զույգերը հիմնականում 1-2 երեխա են ունենում, 3-րդ եւ ավելի երեխայի համար պետական լուրջ աջակցություն է պետք։ Կեսկատակ մեջբերում է նաեւ տատիկի հորդորդը՝ լավ տղամարդուց շատ երեխաներ ունեցե՛ք։
Արմինե Սարգսյան