Արարատի մարզի Նորաբաց, Դարակերտ, Դաշտավան, Նիզամի, Անդրանիկավան, Դարբնիկ գյուղերի միակ տրանսպորտը 13 տեղանոց անմխիթար գազելն է։ Կարելի է պատկերացնել, թե երեւանամերձ գյուղերից առավոտյան քանի աշխատող եւ ուսանող են խցկվելու դռնից ներս կամ մնալու կանգառներում։
Մինչեւ կորոնավիրուսը՝ երանելի ժամանակներում, քաղաքային 54 համարի ավտոբուսը կարճ ժամանակ սպասարկում էր այս գյուղերը, եւ մարզաբնակ ուսանողը 100 դրամով հասնում էր բժշկական համալսարան։ Այժմ այդ երթուղին ավարտվում է գյուղերից մի քանի կիլոմետր հեռու՝ Ներքին Չարբախում, վեց գյուղի միակ տրանսպորտը հին գազելներն են։
Մարզային տրանսպորտի վիճակը, առավելապես Մասիսի գյուղերի, անկախությունից էլ առաջ անմխիթար ու ակնառու էր այնքան, որ անգամ «Ոզնի» երգիծաթերթն էր ժամանակին անդրադարձել։
Վերջին տասնամյակներում մարզի հիշյալ գյուղերը սպասարկվում էին գեներալ Մանվելին, ավելի ստույգ՝ պատգամավոր եղբորորդուն պատկանող ԼԱԶ ավտոբուսներով։ Այդ մակնիշի ավտոբուսների արտադրությունը դադարեցվել էր նախորդ դարակեսին, դար ու հազարամյակ էր փոխվել, սակայն 2015 թվականին դրանք դեռեւս գալարապտույտ էին անում գյուղական փոշոտ ու անասֆալտ ճանապարհներին։
Ընդ որում, երբ 2008 թվականի մարտի 1-ին այդ ավտոբուսը շուռ տված դիրքով հայտնվել էր Մյասնիկյանի արձանի մոտ, մարդիկ կատակում էին, թե վերջապես կպրծնեն։ Սակայն պնդաճակատը ծառայեց այնքան, մինչեւ սեփական մահով մահացավ․ սա էլ գյուղի ուսանողության կատակներից էր։ Այս ֆոնին գազելները քայլ առաջ են, սակայն անբավարար եւ վտանգավոր։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ Հայաստանի բոլոր մարզերում լինելու է կենտրոնացված սպասարկում մեկ օպերատորով։
Նույն աղբյուրը հայտնում է նաեւ, որ կայացել է Արարատի մարզը սպասարկող ընկերությունների մրցույթը, որին երեք ՍՊԸ էր դիմել: Հաղթողը կսպասարկի ամբողջ մարզը, եւ, ըստ պայմանագրի, առավելագույնը վեց ամիս ժամկետում երթուղիները շահագործելու են բացառապես նոր ավտոբուսներով: Իդեալական տարբերակի նման մի բան, գործնականում տեսնենք ինչ կլինի։
Նյութը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ Մասիսի այլ բնակավայրերում եւս տրանսպորտից դժգոհողներ կան։ Մարմարաշեն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, կիրակի փակել էին մայրուղին եւ հրաժարվում էին բացելուց, մինչեւ չվերականգնվի համար 44 երթուղին, եւ մինչեւ ՏԿԵ նախարարը եւ Արարատի մարզպետը չժամանեն։ Չժամանեցին, բացեցին։
Գայանե Մկրտչյան