Ըստ թուրքական «Sabah» օրաթերթի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հրահանգով Անկարայի արտաքին քաղաքականության մեջ նոր շրջափուլի սկիզբ է դրվել։
Պարբերականը նշում է, որ որպես «խաղաղության, կայունության ու վստահության դիվանագիտություն» սահմանված այս նոր շրջանում նախատեսվող քայլերը հանգամանորեն ծրագրվել ու արդեն կյանքի են կոչվել։
Հարաբերությունները զարգացնելու հարցում որպես առաջնահերթություն առանձնացվել է թիրախային չորս ուղղություն՝ Հայաստան, Իսրայել, ԱՄՆ եւ Պարսից ծոցի երկրներ։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշեղորեն կշարունակվի։ Արդեն մեկնարկել են երկկողմանի չվերթները։ Նախատեսվում է թռիչքներ իրականացնել նաեւ դեպի Թուրքիայի այլ շրջաններ։ Բացի դրանից, ըստ պարբերականի, առաջիկայում ծրագրվում է Վանը եւ սահմանամերձ մի շարք այլ շրջաններ վերածել հայերի համար զբոսաշրջային վայրերի։
«Ե՛վ հարաբերությունների կարգավորման, ե՛ւ զբոսաշրջության նպատակով հայերի տեսանկյունից կարեւոր մի քանի կամուրջներ (եւ հատկապես պատմական նշանակության այլ շինություններ) վերականգնելու ծրագրեր էլ կան։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենամեծ խոչընդոտը Սփյուռքի ճնշումն է։ Այս ճնշումը վերացնելու նպատակով սահմանը բացվելու է հատկապես առեւտրային նպատակներով»,- ընդգծում է Sabah-ը։
«Ալիք Մեդիան» առաջիկայում ավելի հանգամանորեն կանդրադառնա թեմային։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը