Ըստ zakon.kz պորտալի՝ հունվարի 25-ին էլեկտրաէներգիայի մատուցման ընդհատումներ են եղել Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիում եւ Ալմաթիի մարզում: Ալմաթիի վարչակազմը տեղեկացրել է, որ անջատումը եղել է Ղազախստանի «Կեգոկ» էլեկտրացանցերի կառավարման ընկերության գծով:
Քաղաքային իշխանությունները պարզաբանել են, որ ցանցում ընկել է լարումը, ենթակայաններում գործել են ավտոմատ բեռնաթափման համակարգերը, ինչից հետո սկսվել են վերամիացման աշխատանքները։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բիշքեկի մեծ մասը հոսանքազերծված է, էլեկտրականությունը բացակայում է նաեւ մեծությամբ երկրորդ Օշ քաղաքում եւ մի քանի այլ քաղաքներում: Մայրաքաղաքում դադարեցվել է շենքերի ջեռուցումը, որոշ շրջաններում նաեւ ջուր չկա: Պատահարի պատճառները պետական մարմիններն առայժմ չեն պարզաբանել:
Բիշքեկում չեն գործում նաեւ բանկոմատներն ու խանութներում տեղադրված անկանխիկ վճարման տերմինալները: Համացանցի բացակայության պայմաններում բանկերը եւս դադարեցրել են գործառնությունները:
Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը եւս հայտնել է երկրի մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի անջատման մասին:
Գերատեսչությունում բացատրել են, որ երկրի մի մասը հոսանքազերծված է մնացել Ղազախստանում եւ Ղրղզստանում էլեկտրականության անջատման պատճառով, քանի որ երեք երկրները միացված են միասնական էլեկտրացանցին: