Իսպանիայի ազգային ոստիկանությունից հայտնել են, որ Իսպանիայում վնասազերծել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին փաստաթղթերի կեղծմամբ զբաղվող խմբավորում, որի պարագլուխները հաստատվել են Ֆրանսիայում, իսկ գնորդները եղել են ԵՄ տարբեր երկրների քաղաքացիներ։
Յոթ ձերբակալվածներից վեցը Մադրիդից են, մյուսը՝ Բարսելոնայից։ Ընդհանուր առմամբ, խմբավորման մասնակիցները պատվաստման ազգային բազա են մուտքագրել 1600 մարդու անձնական տվյալներ։ Կեղծարարների նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Իսպանական ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալները կաշառել են բուժհաստատության անձնակազմին։ Ստուգվում է նաեւ տվյալների բազայի մուտքի բանալին գողանալու վարկածը։
Հաճախորդներին խմբավորումը հայտնաբերել է մեսենջերներում` պատվաստման հակառակորդների խմբի միջոցով՝ նրանց առաջարկելով ՊՇՌ-թեստեր եւ կեղծ ՔՈՎԻԴ-անձնագրեր: Կեղծ թեստը վաճառվել է 50 եվրոյով, իսկ անձնագիրը տրվել է պատվաստման 2-րդ կամ 3-րդ չափաքանակի մասին նշումներով. կեղծ փաստաթուղթ ստանալու համար՝ 200 եվրոյից սկսած, ռեգիստրում ընդգրկվելու համար՝ մինչեւ 1000 եվրո: