ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետագա բանակցություններում հստակությունը կերեւա միայն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկություններին ամերիկյան կողմի պատասխանը ստանալուց հետո։ Նա նշել է, որ Կրեմլում անհանգստությամբ են հետեւում Նահանգների կողմից լարվածության սաստկացմանը:
Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Եվրոպա տեղափոխելու համար 8,5 հազար զինվորականների բարձր պատրաստության վիճակի բերելը բանակցությունների ընթացքի վրա չի ազդում, քանի որ բանակցությունները ներկա փուլում ավարտվել են։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ հասկանալու համար, թե ինչպես եւ երբ կշարունակվի ԱՄՆ-ի հետ աշխատանքը, իրենք պետք է ստանան «հենց այն հռչակավոր տեքստը»՝ ԱՄՆ-ի պատասխանը: «Հուսով ենք, որ դա տեղի կունենա այս շաբաթ»,- շեշտել է Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվայում մեծ անհանգստությամբ են հետեւում ԱՄՆ-ի այս գործողություններին։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին ճեպազրույցում հայտնել էր, որ ԱՄՆ-ը 8,5 հազար զինվորականների բերել է մարտական պատրաստության՝ շատ կարճ ժամկետում Եվրոպայում տեղակայելու համար, եթե ՆԱՏՕ-ն որոշի պատրաստության բերել արագ արձագանքման ուժերը: Քըրբին նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը դեռ չի ծրագրում հետ կանչել Ուկրաինայում տեղակայված իր ռազմական խորհրդականներին ու մարզիչներին։
Մոսկվայի հետ բանակցելը՝ առաջնահերթություն
Ավելի վաղ Արեւմտյան առաջնորդներն Ուկրաինայի ճգնաժամի շուրջ հերթական քննարկումն են անցկացրել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռավար զրույց է ունեցել Եվրոպայի առաջնորդների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի ղեկավարների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի նախագահների հետ:
Բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե շատ լավ հանդիպում էր, լիակատար միասնություն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւս դրական է գնահատել քննարկումն ու կրկին Ռուսաստանին նախազգուշացրել, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան թանկ կարժենա: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կրեմլին կոչ է արել տեսանելի քայլեր ձեռնարկելու հակամարտությունը թուլացնելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել էր միջազգային միասնության կարեւորությունը Ռուսաստանի աճող թշնամանքի պայմաններում։
Ըստ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք այլ առաջատար երկրների ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աննախադեպ փաթեթ կկիրառվի։ Նման որոշում է ընդունվել ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ հեռավար հանդիպման արդյունքներով։
«Առաջնորդներն ընդգծել են, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցություններն առաջնահերթություն են, եւ ողջունել են բանակցությունները, որոնք արդեն տեղի են ունեցել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկրների միջեւ»,- ասված է հաղորդագրությունում: