Նախագահ Արմեն Սարգսյանի «հանկարծահաս» հրաժարականը, անկախ պատճառներից, սկիզբն է ռոբակրատիայի ավարտի։
Անշուշտ կհարցնեք՝ ի՞նչ է ռոբակրատիան։ Ասեմ՝ դա 2018-ի թավշյա հեղափոխության երկրորդ փուլն է։ Առաջինը սերժակրատիան էր, որը սկիզբ առավ 2018-ի ապրիլի այն օրը, երբ ժողովուրդը հագեցավ անսերժ ապրելու բերկրանքով։
Հետո եղավ 44-օրյա պատերազմը, որին հաջորդած իրադարձություններին ի հետեւանք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը երեք տասնյակ մանդատ ստացավ Հայաստանի օրենսդիր մարմնում։ Անհնարին բան, եթե հեղափոխական իշխանությունը հետեւողականորեն սրբած չլիներ նրան։
2021 թվականի հունիսի 20-ին սկսվեց հայկական ռոբակրատիան, ինչը որոշ շրջանակներ համարում են փաշինյանական ժողովրդավարություն։
Ասեմ, որ նրանց համար դա դրախտ թվացող իրավիճակ է. համապետական ընտրությունները չեն կեղծվում, ՏԻՄ ընտրություններում երբեմն հաղթում են «օտարները», բարձր պաշտոնյայի մեքենան ոստիկանները տանում են «պլաշչադկա» եւ այլն, բայց հեղափոխության հայրն այդուհանդերձ նեղվում է, որ արդեն չորս տարի ինքն ընդամենը նախկինների հակապատկերն է։
Կհարցնեք՝ իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանի արդեն հրաժարյալ նախագահը։ Պատասխանեմ՝ ոչ մի։ Նա երբեք ոչ մի կապ չի ունեցել ներհայաստանյան քաղաքականության հետ, պարզապես պետության անվանական գլխի հեռանալը (դարձյալ անկախ պատճառներից) ռոբակրատիան թոթափելու լավ առիթ է։
(Սահմանադրությունն էլ փոխվելու է նույն պատճառով։)
Նիկոլ Փաշինյանը շտապում է։ Նա ձգտում է կատարյալ ժողովրդավարության ու քանի որ չգիտի՝ դա ինչ է, ստանալու ենք մի բան, որն արտաքին հատկանիշներով ժողովրդի կամքի արտահայտություն է, խորքում՝ ինքնուրույն (հակապատկերազերծ) միապետություն։
Նորություն չէ, որ ժողովրդավարությունը, պետական հաստատությունների անցնցում ձեւավորումից բացի կամ առավել, դիսկուրս է, որում անձը ստորադասված է գաղափարներին, նախաձեռնություններին, որոշումներին, իրագործումներին։
Եվ սա իմացողը չի հավատա, որ մեկը՝ առանձին անհատ-անձը, կարող է լուծել բոլոր խնդիրները։ …իսկ դրանք քիչ չեն։
Եթե այսօր կամ վաղը չհայտնվեն քաղաքական նոր (ոչ միայն ծննդյան վկայականով) ուժեր եւ չզբաղեցնեն գոնե ընդդիմության աթոռները, Հայաստանը դառնալու է մենապետական երկիր, որովհետեւ ժողովրդավարությունն առանց մտքերի մրցակցության «օջախ» է եւ «ընտանիք»։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։