Տղամարդիկ շենքի բակում, կանայք էլ պատշգամբից ականատես եղան իրենց բնակավայրի համար երկար սպասված իրադարձությանը։ Կապույտ վառելիքը հասավ Շամլուղ։ Նախկինում երբեք չգազաֆիկացված այս տարածքում գազի մուտքը ծափերով դիմավորեցին։
Գազօջախն առաջինը վառվեց Ասյա Գրիգորյանի բնակարանում։ Տասնյակ տարիների սպասումից հետո ընտանիքում կրկին թերահավատ էին։
«Ճիշտն ասած, որ երկրի վիճակն էլ մի քիչ այն չէր, մի տեսակ չէինք հավատում, անակնկալի եկանք։ Էսօր առանձնահատուկ օր է մեզ համար։ Կապույտ հրաշքը մեր կենցաղ մտավ։ Սա իրոք անհրաժեշտություն է: Ո՞ր դարում ենք ապրում, որ փոքրիկ գազի վրա կերակուր պատրաստենք կամ ամանները թասի մեջ լվանանք»,- ուրախությամբ ասում է տանտիկինը։
Բայց մեծ վառարանը հավանաբար դեռ երկար կմնա իր տեղում․ տունը կշարունակեն փայտով տաքացնել։
Արդեն բաժանորդ դարձած Նազիկ Հովհաննիսյանն էլ, որ ժամանակին Նոյեմբերյանից է հարս եկել Շամլուղ, ասում է՝ հայրական օջախում միշտ բնական գազ են ունեցել, իսկ այստեղ նոր պետք է վայելեն դրա հաճույքը։
«Լցնովի գազ ենք միշտ ունեցել, բոլոր ժամանակներում ձեւը գտել ենք։ Հիմա դժվարանում ենք՝ փայտով տաքանանք։ Բոլորս հավաքվում ենք մի սենյակում, բայց ուզում ենք՝ կաթսա ունենանք, որ տան բոլոր անկյուններում տաք լինի»,- ասում է տիկին Նազիկն ու վստահեցնում՝ մեկ տարվա ընթացքում բոլորն են ցանկանալու բաժանորդ դառնալ, երբ տեսնեն, թե հարեւանը ոնց է վայելում։
Բաժանորդ կդառնան, կազատվեն բալոնները լիցքավորման տանել-բերելու հոգսից, բայց ձմռանը տաքանալու համար ոչ թե գազ, այլ նորից փայտ կվառեն։ Առանձին զրույցների ընթացքում բնակիչներից շատերն էին այսպես արտահայտվում, նաեւ նշում փայտ ձեռք բերելու դժվարությունները։ Մինչդեռ շենքերի բակերում բնափայտի պակաս չէր զգացվում։
«Փայտ ձեռք բերելը հիմա դժվարացել է, որովհետեւ կտրել չի կարելի, մենակ թափուկն է հնարավոր բերել, դա էլ շատ քիչ է եւ արդեն անանցանելի վայրերում։ Սա ճիշտ ժամանակին էր»,- գազաֆիկացման անհրաժեշտությունն է ներկայացնում Շամլուղի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանը։
Նա չի բացառում նաեւ, որ մարդիկ կշարունակեն փայտ օգտագործել, որովհետեւ որքան էլ գազով հեշտ եւ հարմարավետ է, փայտը տաքանալու համար ավելի էժան էներգիայի աղբյուր է։
250 տնտեսություն ունեցող Շամլուղում 60-ից ավելի ընտանիք բաժանորդ դառնալու դիմում է ներկայացրել, որից 10-ն արդեն բնակարանը գազաֆիկացնելու թույլտվություն է ստացել։ Ըստ Արթուր Աղաբաբյանի՝ 550 բնակչից 500-ը կօգտվի գազից։ Խողովակները լիարժեք հասնում են Ցլաքար գյուղական թաղամաս ու բազմաբնակարան շենքեր։
«Շենքերում հեշտ կլինի տուն հասցնելը, գյուղական հատվածում հնարավորինս մոտ է անցկացված էդ գազատարը, մի քանի տեղ թաղամասերի վրա ճյուղերը տարված են, որ մարդիկ շատ ծախս չանեն։ 90 տոկոսի համար հարմար է»,- նշում է վարչական ներկայացուցիչը։
Չի գազաֆիկացվել միայն «հանքերի թաղը» կամ նախկին Շամլուղ գյուղը․ տարածքը փռված է, գազաֆիկացնելն՝ ավելի ծախսատար, շահառուները՝ քիչ։
Հարկ է նշել, որ թեեւ Հայաստանի մայր գազատարը Շամլուղի վարչական տարածքով է անցնում, գազ ունենալը տեղաբնակներին չիրականացող երազանք է թվացել։
Կապույտ վառելիքի բերած հարմարավետությունը, սակայն, մարդիկ կվայելեն դեռ միայն կենցաղում։ 120 աշակերտով դպրոցում, օրինակ, գազաֆիկացման ցանկությունը մեծ է, արդյունավետությունը՝ փոքր։
Տնօրեն Սերինե Սոսինյանն ասում է՝ ձմռան ամիսներին դասասենյակներում 18-20 աստիճան ջերմություն ապահովելու համար մոտ 35-38 խմ փայտ են ձեռք բերում՝ ծախսելով 1 մլն դրամ։ Իսկ միջանցքներում եւ սանհանգույցում ցուրտ է։
«Շենքային պայմանները լավը չեն, պատուհաններն են փոխելու ենթակա, ինչի համար ֆինանսներ չունենք։ Եթե անգամ գազաֆիկացվի, նորից միայն դասասենյակները պիտի ջեռուցվեն, էստեղ արդեն չգիտենք՝ էներգաարդյունավետությունը որ դեպքում լավ կլինի՝ փայտո՞վ , թե՞ գազով ջեռուցելու։ Դա արդեն պիտի մասնագետների հետ խորհրդակցենք»,- ասում է տնօրենը՝ նշելով նաեւ տեխնիկական դժվարությունները, որոնց բախվում են․ փայտը տեղափոխելը, ջարդելը, տեղավորելը եւ ամեն առավոտ ժամը 7-ից սկսած վառարանները վառելը։
Ախթալա խոշորացված համայնքի կազմում գտնվող մեկ այլ բնակավայրում՝ Նեղոց գյուղում նույնպես մարդիկ տարիներով գազի են սպասել։ Հատկապես կանայք, որ ամռան տապին էլ պահածո պատրաստելու համար ստիպված վառարան են վառել, հիմա կարող են փայտը գազով փոխարինել։ Բայց գյուղի 72 տնտեսություններից ոչ բոլորն են պատրաստվում գազի բաժանորդ դառնալու։
«Քառասուն հազար դրամ թոշակ եմ ստանում, ո՞նց գազ քաշեմ, շատ էլ թե ուզում եմ։ Առավոտը ժամը 11-ին եմ տեղիցս վեր եմ կենում, իրիկունն էլ 7-ին եմ տեղս մտնում։ Փետի գործն էլ ա դժար, տասնհինգ հազար դրամ ա։ Ումից էլ ուզում ես առնես, մարդիկ վախում են, մի մետր փետ ծախելու խաթեր եսիմ քանի հարյուր հազարների տուգանք ա, բռնվեն, տակից ո՞նց դուրս գան»,- ասում է Նեղոցի բնակիչ Սուսաննա Մաթոսյանը։
Նույնը Լևոն Գրիգորյանի դեպքում է։ Երեխաները Ռուսաստանում են, ինքն էլ թոշակով է ապրում։ Ասում է՝ ձմեռը փայտով ու հոսանքով է անցկացնում, բայց եթե «միջոցը ներեր», գազի բաժանորդ կդառնար։ Հատկապես որ խողովակը տան մոտով է անցնում։
Գյուղացիներից ոմանք էլ վաղուց բաժանորդ դարձել ու սպասում են, թե որքան գումար է իրենցից պահանջվելու՝ գազն ընդհանուր գազատարից տուն հասցնելու համար։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ Կարեն Փարեմուզյանն ասում է՝ միացման արժեքը 40-ից մինչեւ 300 հազար դրամի կարող է հասնել, նայած թե բազմաբնակարան շենքը կամ առանձնատունը ընդհանուր գազատարից ինչքան է հեռու։ Գումարած տան ներսում սպառման կետերի քանակը։
«Տարածաշրջանի վեց բնակավայրերում (Շամլուղ, Նեղոց, Թեղուտ, Քարկոփ, Շնող, Չկալով) գազաֆիկացման հիմնական շինաշխատանքներն ավարտված են։ Հիմա սկսում ենք մատակարարման փուլը»,- նշում է պաշտոնյան։
Իսկ «Գազպրոմ Արմենիա»-ի Լոռու մարզի ԳԳՄ տնօրեն Վարդան Բաղդասարյանը նշեց, որ մարզի համայնքների գազաֆիկացմամբ այսօր նաեւ բնապահպանական խնդիր են լուծում․ այս տարածքներում բնակչությունը մեծ մասամբ ջեռուցումը կատարել է ծառահատման հաշվին։
«Եվ այսօր ունենք մի պատկեր, որ երեւի թե Հայաստանում մեր մարզն ամենագազաֆիկացվածն է»,- ասում է Բաղդասարյանը։
Շամլուղի, Ախթալայի առափնյա հատվածի եւ Նեղոցի գազաֆիկացումը իրականացվել է Ախթալա խոշորացված համայնքի 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Մոտ 70 մլն դրամ ընդհանուր արժեքի 60 տոկոսը համայնքի ներդրումն է եղել, 40-ը՝ պետության։ Գազաֆիկացման գործընթացը, թույլտվություն ստանալուց մինչեւ վերջնական արդյունք, երկու տարի է տեւել։
«Խոշորացված համայնքում այսօր 95 տոկոսով ունենք գազամատակարարում։ Մի քանի թաղամասեր կան, կփորձենք, որ ընթացքում էլի կարողանանք գազաֆիկացնել»,- ասում է Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը եւ եզրափակում՝ սա այն եզակի դեպքերից է, երբ համայնքն է գազամատակարարման ցանց կառուցում եւ հանձնում մատակարարող ընկերությանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։