Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազատության եւ անվտանգության մասին 5-րդ եւ խոսքի ազատության մասին 10-րդ կետերը՝ կալանքի մեջ պահելով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին։ Ըստ այդմ՝ Թուրքիան պետք է Դենիզ Յուջելին որպես բարոյական փոխհատուցում վճարի 12,300 եվրո եւ եւս 1000 եվրո՝ դատական ծախսերի համար։
«Die Welt» թերթի ներկայացուցիչ Դենիզ Յուջելը Թուրքիայում ձերբակալվել էր 2017-ի փետրվարի 14-ին «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն անելու» եւ «ժողովրդին ատելության եւ թշնամանքի դրդելու» մեղադրանքներով։ Լրագրողի կալանավորումը լարվածություն էր առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում։
5 տարի առաջ ՄԻԵԴ-ին դիմած լրագրող Դենիզ Յուջելը թվիթերյան գրառմամբ գոհացուցիչ է բնորոշել ՄԻԵԴ-ի դատավճիռը։ Յուջելը, սակայն, քննադատել է, որ դատարանը գործում խոշտանգման արգելքի խախտում չի դիտարկել, մինչդեռ ինքն ինն ամիս շարունակ մեկուսացված է եղել Սիլիվրիում, երեք օր ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, եւ այդ ամենն, ըստ նրա, իրականացվել է քաղաքական հրահանգներին համապատասխան։