Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է Թուրքիայում Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուին, հայտնում է Milliyet պարբերականը։ Մոտավորապես 45 րոպե տեւած դռնփակ հանդիպման ընթացքում քննարկվել է պատրաստվող նոր օրենսդրական կարգավորումը, որը Թուրքիայում բնակվող փոքրամասնություններին հնարավորություն կտա ինքնուրույն ընտրելու ոչ իսլամ փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավար խորհրդի կազմը։
Ըստ օրաթերթի՝ Էրդողանը նշել է, որ մի քանի ամսվա ընթացքում այս ուղղությամբ տարվող աշխատանքները կավարտվեն, եւ փոքրամասնություններն արդեն կկարողանան իրենց հիմնադրամներում ընտրություններ իրականացնել։
Milliyet-ին տված հարցազրույցում Շիրինօղլուն նշել է․ «Մեր կանոնադրությունը, 1864 թվականից սկսած, չի փոփոխվել եւ արդեն կորցրել էր իր արդյունավետությունը։ Հարգարժան նախագահը հրահանգել էր կանոնադրությունը հարմարեցնել մերօրյա իրադրությանը, իսկ հիմնադրամի ղեկավարները ցանկանում էին ստեղծել իրենց շահերից բխող կանոնադրություն։ Սա էր պատճառը, որ ընտրություններն այսքան հետաձգվեցին։ Նախագահը հրահանգել է մշակույթի նախարարությանն ու հիմնադրամների գլխավոր տնօրենությանը անմիջապես սկսել աշխատանքները։ Ստեղծված փաստաթուղթը կներկայացվի մեզ, անհրաժեշտության դեպքում կկատարվեն լրամշակումներ։ Կարծում եմ, գործընթացը ավարտին կհասնի 3-4 ամսվա ընթացքում»։
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրենությունը (դեռեւս 1920-ին ստեղծված պետական ինստիտուտ, որը ղեկավարում եւ վերահսկում է բոլոր հիմնադրամների աշխատանքը) 2013 թվականին ընտրության կարգը չեղյալ է հայտարարել։ Քանի որ այդ ընթացքում ընտրության կարգի վերաբերյալ որեւէ կարգավորում չի արվել, փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներում մոտ 8 տարի ընտրություններ չեն իրականացվել, հայտնում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը