ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան ձգտում է կրճատելու դոլարից կախվածությունը։ Ըստ նրա՝ ԱՄՆ–ը հնարավոր ամեն բան անում է իր արժույթի նկատմամբ վստահությունը խաթարելու համար։
Լավրովը նշել է նաեւ, որ ՌԴ ֆինանսական իշխանությունների գործողությունները համապատասխանում են համաշխարհային միտումներին։ Վերջին 5 տարվա ընթացքում, ըստ ԱՄՀ–ի, համաշխարհային պահուստներում դոլարի մասնաբաժինը 64,7%–ից նվազել է՝ հասնելով 59,15%-ի։
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ ամերիկացիները ձգտում են դոլարը ռիսկային դարձնելու առհասարակ միջազգային հաշվարկների եւ մասնավորապես ՌԴ-ի համար։
Ներդրումային վերլուծության եւ մակրոտնտեսական հետազոտությունների ռուսական կենտրոնի ղեկավար Դանիիլ Նամյոտկինն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի բանկը ոսկու եւ արժույթի պահուստներում դոլարի մասնաբաժինը անվտանգ նվազագույն շեմի կհասցնի։
Նամյոտկինը նշել է, որ ՌԴ-ն այդուհանդերձ դոլարից վերջնականապես չի հրաժարվի, քանի դեռ ամերիկյան արժույթը շարունակում է միջազգային հաշվարկների հիմնական միջոց լինել եւ կարգավորիչին պետք է ռուբլու տատանումները մեղմելու համար։