«Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հարցն այն եզակի դեպքերից է, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն մոտեցումներում համամիտ են: Նրանք բոլորն աջակցում են հարաբերությունների կարգավորմանը՝ հավատալով, որ դա կուժեղացնի տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքը, կխթանի տնտեսական աճն ու կամրապնդի տարածաշրջանային կայունությունը»,- գրում է The National-News պարբերականի հեղինակ Դեյվիդ Լեպեսկան։
Հոդվածագրի կարծիքով՝ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի սահմանի բացմանը, քանի որ հարաբերությունների կարգավորումը կարող է երկրին մուտք ապահովել դեպի Սեւ ծով, Կովկաս եւ նույնիսկ ԵՄ շուկաներ:
Այդուհանդերձ, հոդվածագիրը խոչընդոտներ է տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին եւ հայկական սփյուռքի կոշտ դիրքորոշումը մատնանշելով՝ արագություն չի ակնկալում։ «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական կապերի բացակայությունը սոսկ պատահական եվրոպական անոմալիա չէ, այլ խոր արմատավորված ջրբաժանի հետևանք»,- ընդգծել է Լեպեսկան: