Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020-ի հուլիսյան մարտերի եւ 44-օրյա պատերազմի մասնակից եւ պետական պարգեւի ներկայացված, նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ գերեվարված, ապա հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը կշարունակի մնալ կալանավորված։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի7՝ փաստաբանը նշել է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը։
Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։
Գերնպատակը Արամյանի պատշաճ բուժօգնության ապահովումն է
«Պաշտպանական կողմը միջնորդության հիմքում դրել էր երկու նոր հանգամանք. նախաքննության ավարտն ու Արամյանի՝ վատթարացած առողջական վիճակը, սակայն միջնորդությունը մերժվել է»,– շեշտել է Կարապետյանը։
Ըստ փաստաբանի՝ իրենք մտադիր են վերաքննիչ բողոք ներկայացնել, թեեւ գերնպատակը Արամյանի պատշաճ բուժօգնության տրամադրումը կազմակերպելն է։ Նա նշել է, որ իր տեղեկության համաձայն՝ իր պաշտպանյալը հունվարին պետք է տեղափոխվի հիվանդանոց` ստացիոնար բուժման, սակայն պաշտոնական ծանուցում դեռ չի ստացել։
Գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց։ 10 օր բուժում ստանալուց հետո Արամյանը կալանավորվել է։
Պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում Արամյանի ոտքը կարող են ամպուտացնել
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ապա վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել եւ կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու որոշումը ընդունվել է դեկտեմբերի 30-ին։
Պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում Արամյանի ոտքը կարող են ամպուտացնել։