ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթի ուղեւորները կազատվեն «օդի հարկից»: Ստամբուլի ուղղությունը դարձել է 17-րդը, որը սպասարկող ավիաընկերությունները 3 տարով ազատվելու են տոմսի արժեքում ներառված «օդի հարկից»:
Ըստ քաղավիացիայի կոմիտեի՝ արտոնություն կտրամադրվի վերջին 12 ամսում չսպասարկված նոր ուղղություններ բացած ավիաընկերություններին։ Արտոնություններ տրամադրելիս ավիաընկերություններից կպահանջվի չվերթեր իրականացնել ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ սեզոնայնությունից։ Արտոնությունը կտրամադրվի 3 տարի ժամկետով՝ եւս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Կոմիտեն հունվարի 10-ին թուրքական Pegasus Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ուղղությամբ։ Փետրվարի 2-ին եւ 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական (երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ) երեք չվերթ կկատարի:
Իր հերթին դեպի Ստամբուլ չվերթեր կիրականացնի նաեւ հայկական FlyOneArmenia ավիաընկերությունը՝ փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Ապրիլից նախատեսվում է հաճախականության ավելացում` շաբաթական 3 անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին)։
Ավիատոմսերի արժեքի մեջ ներառվող 10 հազար դրամ ֆիքսված գումարը որպես «Օդի հարկ» Հայաստանում գործում է ավելի քան 10 տարի: 2009-ի մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր անձինք (բացառությամբ մինչեւ 12 տարեկան երեխաների, տարանցիկ ուղեւորների, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների եւ վետերանների, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիների, Հայաստանի ազգային հերոսների եւ Խորհրդային Միության հերոսների) ավիատոմսը գնելիս հարկվում են «օդի հարկով»:
2019-ի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է «օդի հարկի» գծով հարկային արտոնությունների սահմանում: