Հայրենիքը պահպանել է պետք։ Պահպանել, ամրապնդել եւ առանց կորուստների հաջորդ սերնդին փոխանցել։ Սա է գերխնդիրը։ Հայրենիքն ավելի շատ պահպանության կարիք ունի, քան սիրո։ Սիրել, իհարկե, կարելի է, հպարտանալ նույնպես կարելի է, սերը, սակայն, չպետք է կուրացնի, սնապարծության վերածվի, նետի զգացմունքայնության գիրկը ու, վերջին հաշվով, տանի երկիրը փորձությունների ու փորձանքների։
Երկիրը պահելու ու պահպանելու համար պետք է լինել իրատես, շրջահայաց, հաշվենկատ, հասկանալ ընթացիկ զարգացումները, ընկալել շրջապատը, տեղավորվել միջավայրի համատեքստում, հարթել միջավայրի հետ առկա հակասությունները, որ դրանք թշնամություն չդառնան ու պատերազմների չտանեն։ Որ զենքով հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտությունը չառաջանա, որ հայրենիքը չվտանգվի։ Պետք է կարողանալ տալ եւ առնել՝ առանց ավելորդ զգացմունքայնության։ Հարեւանների շահերն է պետք հասկանալ։ Նաեւ այդ շահերով է պետք սեփական շահերը պայմանավորել։ Հայրենիքներն անվտանգ են, եթե հարեւանների հետ անլուծելի խնդիրներ չկան։
Բոլոր երկրներն էլ իրենց հարեւանների հետ թշնամություն ու կռիվ ունեցել են։ Շատերն այսօր էլ ունեն ու տառապում են դրանից։ Քիչ ավելի զարգացածները հասկացել ու հատել են թշնամությամբ ու կռվով հարցերը լուծելու սահմանը։ Հասկացել են՝ վեճ կարող է լինել, անհամաձայնություններ կարող են լինել, անցյալից մնացած բեռ կարող է լինել, բայց ոչ մի դեպքում թշնամություն չպետք է լինի։ Թշնամություն նշանակում է անընդհատ կրկնվող պատերազմներ եւ անդառնալի կորուստներ։
Մեր նախնիները պակաս հայրենասեր չեն եղել։ Մեզ նման սիրել են այս հայրենիքը։ Բայց նրանց սիրո արդյունքում կամ նրանց սիրուն զուգահեռ մեր հայրենիքը փոքրացել ու մի բուռ է դարձել։ Մեծ ու բարգավաճ հայրենիք են ունեցել, բայց այն պահպանել ու մեզ փոխանցել չեն կարողացել։
20-րդ դարասկիզբը հույս էր ներշնչում։ Նոր ժամանակներ էին, նոր պատկերացումներ աշխարհի ու հայրենիքների մասին, նոր մտածողություն։ Հնարավորությունները մեծ էին։ Մեր հնարավորությունները՝ ծանրագույն կորուստներից ու փորձություններից հետո, նույնպես մեծ էին։ Պետք էր լինել ճկուն, պետք էր հաշվենկատ լինել, պետք էր տեսնել, թե ինչ է կատարվում շուրջբոլորը եւ չտրվել զգացմունքներին։ Բայց այդ շրջանի մեր գործիչները զգացմունքայնության ու հայրենասիրության դիրքերում մնացին։ Հարեւանների հետ ընդհանուր եզրեր գտնելը չկարեւորեցին։ Հարաբերությունների սրացումներից չվախեցան։ Ոչ թե հնարավոր, այլ իրենց պատկերացրած-երազած հայրենիքն էին ցանկանում ունենալ։ Իրականությունը, սակայն, այդ հույսերը փշրեց։ Ոչնչացրեց։ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի ու հայրենիքի կորստի հանգեցրեց։
Ծանրագույն հարվածից ուշքի եկած ժամանակի պատասխանատուներն իրար հերթ չտալով սկսեցին գրել իրենց սխալների մասին։ Ընդունել, որ իրատես չեն եղել, որ սխալվել ու կորցրել են։ Հավանաբար հույս են նաեւ ունեցել, որ նոր հնարավորություն ստացած հաջորդ սերունդը նույն սխալները չի կրկնի։ Հաշվի կառնի նրանց փորձը, կառաջնորդվի իրատեսությամբ, իր հնարավորությունները եւ ցանկությունները համադրել կկարողանա, կկարողանա տեղավորվել տարածաշրջանում ու աշխարհում ընթացող զարգացումների համատեքստում, անիրականանալի երազանքների հետեւից վազելու փոխարեն կաշխատի ստանալ հնարավոր առավելագույնը։
Հաջորդ հնարավորությունը 70 տարի անց ստացավ մեր սերունդը։ Նախազգուշացումները, սակայն, անտեսեցինք։ Պատմությունը մեզ համար դաս չդարձավ։ Գնացինք պատրանքների հետեւից։ Համոզեցինք մեզ, թե կարող ենք բոլորին մեր կամքը թելադրել։ Թե ունենք դրա իրավունքը եւ հնարավորությունը։ Կրկնեցինք հին սխալներն ու նոր պարտություն վաստակեցինք։
Ի տարբերություն 20-րդ դարասկզբի գործիչների՝ մենք մեր սխալներին անդրադառնալ, դրանք ընդունել եւ վերլուծել չենք ցանկանում։ Չենք տեսնում մեր սխալները։ Տարված օրվա խնդիրներով՝ երկրի ապագան ենք վտանգում։ Տարածաշրջանում մեր հաստատուն տեղը գրավելուն միտված ծրագրեր մշակելու փոխարեն քանիցս պարտության տարած ճանապարհն ենք շարունակում։ Խոսում ենք գալիք պատերազմներից։ Մեր լինելիությունը պատերազմով ենք պայմանավորում։ Հավատում ենք՝ հաղթելու ենք ու մեր կամքն ենք թելադրելու բոլորին։
Սա է մեր այսօրը։ Եվ չի կարող այս արկածախնդիր վարքը նոր փորձանքի չտանել։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։