Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կարծում է, որ պետք է գործի դնել դիվանագիտական բոլոր խողովակները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման նպատակով:
«Ուկրաինայի նկատմամբ սպառնալիքը Եվրոպայի հանդեպ սպառնալիք է: Հենց այդ պատճառով ջանքեր ենք գործադրում, որ նպաստենք լարվածության թուլացմանը, եւ ակնկալում ենք, որ դա կարվի դիվանագիտական ճանապարհով: Կարծում ենք՝ անհրաժեշտ է տարբեր դիվանագիտական ձեւաչափերում ձեռնարկել բոլոր ջանքերը»,- ասել է Շառլ Միշելը:
Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու հորդոր
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանը Սենատում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերներին կոչ է արել անելու հնարավոր ամեն բան՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու համար:
«Չեմ թաքցնի, որ իրադրությունը շատ լարված է: ԵՄ եւ ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ ձգտում ենք դադարեցնելու լարվածության սրացումը»,- ասել է Դրիանը:
Ըստ արտգործնախարարի՝ բոլորը միակարծիք են, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների պարագայում անհրաժեշտ են մասշտաբային պատժամիջոցներ: Նա նշել է, որ աշխատում են այդ ուղղությամբ:
«Այդուհանդերձ, անհրաժեշտ է անել ամեն բան՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու եւ լարվածության թոթափմանը նպաստելու համար»,- հայտարարել է Ժան-Իվ լը Դրիանը: