ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկնարկել է Արցախի Մարտունու շրջանի հարակից գյուղերի եւ Ճարտար գյուղի բնակիչների համար ջրամատակարարման կենտրոնական համակարգի կառուցումը։
Աշխատանքներն իրականացվում են ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցմամբ։ Բոլոր աշխատանքները, ջրատար համակարգերի եւ ջրամատակարարման արտաքին ցանցերի մոնտաժումը նախատեսվում է ավարտել մեկ շաբաթվա ընթացքում:
ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Գապեեւը նշել է, որ քանի որ տվյալ տարածքը կողմերի սահմանազատման գծի մոտ է, տեղի վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` խնդրելով ապահովել աշխատանքների անվտանգությունը։ Նա հավելել է, որ այս փուլում բանվորները ջրի ստացման համար հորատանցքեր են փորում։
Մասնագետ Արարատ Գեւորգյանն իր հերթին նշել է, որ նոր խողովակ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ բնակավայրերում ջրի պակաս կա։ Նա երախտագիտություն է հայտնել խաղաղապահներին աշխատողների անվտանգությունն ապահովելու համար։
2022-ի սկզբին ռուս խաղաղապահները ԼՂ–ում ապահովել են ավելի քան 30 միջոցառումների անվտանգությունը։