Իսրայելական The Jerusalem Post-ը «Արդյո՞ք Ռուսաստանը դասեր քաղեց Իրանի միջուկային գործարքից. ինչպես «պատերազմն» օգտագործել ԱՄՆ բանակցություններում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին շոշափվել են ռուս-ամերիկյան դիմակայությանը եւ Ռուսաստանի իրական նպատակներին վերաբերող հարցեր:
ԱՄՆ-ը ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային Ռուսաստանի հետ լարվածության պայմաններում: Մեծ Բրիտանիան նույնպես ռազմական օգնություն է ուղարկել: Ռուսաստանը դատապարտում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ մյուսների կիրառած հռետորաբանությունը եւ պնդում է, թե ինքը որեւէ ներխուժում չի նախատեսում:
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փոխադարձաբար միմյանց մեղադրում են անպատասխանատու եւ սադրիչ գործողությունների համար: «Մոսկվան ակնկալում է սադրանքներ Միացյալ Նահանգների եւ վերջինիս կողմից ղեկավարվող Կիեւի ռեժիմի կողմից, դրանց թվում նաեւ՝ ռազմական սադրանքներ»,- ասում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ըստ հոդվածի հեղինակ Սեթ Ջ. Ֆրանցմանի, հաշվի առնելով այս պարամետրերը, կարելի է տալ երկու հնարավոր բացատրություն: Մեկն այն է, որ Մոսկվան ծրագրում է ներխուժել, եւ ռուս-ուկրաինական սահմանին տեղակայված զինվորներն ու զինտեխնիկան այդ ծրագրի մի մասն են: Մյուս բացատրությունն այն է, թե դա ազդանշան է մեկ այլ բան կորզելու նպատակով:
Թեհրանի նպատակն էր սպասել, մինչեւ Վաշինգտոնն իրեն գործարք կառաջարկի
Ֆրանցմանը ենթադրում է, թե այս երկրորդ տարբերակը կարող է նշանակել, որ Ռուսաստանի իրական նպատակը դիվանագիտական հաղթանակի ապահովումն է: Ի տարբերություն արեւմտյան տերությունների՝ Մոսկվան հակված է դիվանագիտական եւ ռազմական քայլերը դիտարկելու որպես ամբողջության մաս, որում բոլոր գործողությունները վերից վար համակարգվում են:
ԱՄՆ-ն այլ կերպ է վարում պատերազմը: Նահանգները հաճախ դիվանագետների է ուղարկում մի բան անելու համար, մինչդեռ նրա զինվորները, կտրված լինելով հիմնական օղակից, այլ բան են անում: Սա ամերիկյան պայքարի ձեւն է, եւ նա այդպես էլ տանուլ տվեց պատերազմն Աֆղանստանում: Այսպես քաոսային ձեւով նա պատերազմ վարեց Սիրիայում եւ այլուր:
Ռուսաստանը հավանաբար ուսումնասիրել է՝ ինչպես են ԱՄՆ-ն ու Արեւմուտքը արձագանքել Իրանի միջուկային ծրագրին՝ հասկանալով, որ Արեւմուտքից զիջումներ կորզելու լավագույն միջոցը պատերազմի սպառնալիքն է:
Իրանի միջուկային գործարքի վերելքի պահին Իրանը ձեւացրեց, թե միջուկային զենք է մշակում. սույն սցենարում Թեհրանը ներկայացրեց ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակազմի «դիվանագիտական հաղթանակը», որը «կանխեց» Իրանի միջուկային զենք ձեռք բերելը: Իրանին անհրաժեշտ էին գործարք եւ պատժամիջոցների չեղարկում: Թեհրանի նպատակն էր սպասել, մինչեւ Վաշինգտոնն իրեն գործարք կառաջարկի:
«Գործարք կամ պատերազմ» տարբերակը հաջողությամբ չպսակվեց
Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ կարիք չուներ արեւմտյան լրատվամիջոցներում սուր խմբագրականներ գրելու. փոխարենը, ԱՄՆ կառավարությունը եւ նրա քաղաքական դաշնակիցները կենտրոնացրել էին տեղական խմբերը՝ հարյուրավոր ամերիկյան լրատվամիջոցներում ներկայացնելով Իրանի գործարքի մասին իրենց խմբագրականները: Իրանամետ խմբերը նույնպես ակտիվ էին ԱՄՆ-ում, Իրանի արտգործնախարարին հյուրընկալեցին ամերիկյան առաջատար հետազոտական կենտրոններ ու հաստատություններ:
Իրանն օգնեց ԱՄՆ-ին՝ ներկայացնելու գործարքն այնպես, ինչպես ցանկանում էր:
ԱՄՆ հանրությունը, Աֆղանստանում եւ Իրաքում տեղի ունեցած պատերազմներից հետո շահագրգգռված չէր հիմա էլ Իրանի հետ մեկ այլ պատերազմով: Այնպես որ «գործարք կամ պատերազմ» տարբերակը հաջողությամբ չպսակվեց: Գործարքի դեմ ընդվզող ամերիկացի քաղաքական գործիչները համարվեցին «ռազմատենչ» եւ անգամ «դավաճան»:
Փչացած հարաբերությունների համար ռուսները միշտ Վաշինգտոնին են մեղադրել
«Թեհրանը,- նշում է հոդվածագիրը, հաղթեց Իրանի գործարքում՝ «պատերազմի» բացարձակ շինծու սպառնալիքով: Իրանը ստիպեց ամերիկյան մտավորականությանը եւ մեկնաբաններին պատմություն հորինել հնարավոր «պատերազմի մասին»: Այժմ Ռուսաստանն իրականացնում է նույն սցենարը: Նա գիտի, որ երբ խաղադրույքին «պատերազմ» է դրվում, ԱՄՆ-ը ձգտելու է «դիվանագիտությունը» որպես միջոց օգտագործելու՝ «հաղթանակի» հասնելու համար:
Ռուսաստանն, ի տարբերություն Իրանի, չկարողացավ հույսը դնել ԱՄՆ-ի վերլուծաբանների, մեկնաբանների եւ ռուսամետ ուժերի վրա, որպեսզի հարցը ներկայացվի որպես «պատերազմից խուսափելու համար Մոսկվայի հետ գործարքի անհրաժեշտություն»:
Պատճառն այն է, որ ԱՄՆ ընտրություններին միջամտելու դրոշմը կրող Ռուսաստանը Վաշինգտոնում որպես կանոն համարվում է persona non grata:
2000 թվականից ի վեր Ռուսաստանը մեծ հաշվով միակողմանի քաղաքականություն է վարել: Փչացած հարաբերությունների համար ռուսները մշտապես Վաշինգտոնին են մեղադրել:
Օբամայի, հետագայում Թրամփի վարչակազմները տուրք են տվել դրան: Բայց ներկա վարչակազմը խոր հիշողություններ ունի: Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող առաջ քաշել «ԱՄՆ-ը մեղավոր է, ուրեմն եկեք գործարք կնքենք ռուսների հետ» տեսությունը: Ուստի Մոսկվան խիստ իրական ռազմական սպառնալիք է դրել խաղադրույքին:
ԱՄՆ-ը թերեւս կստորագրի երկու կողմերի դեմքը փրկող «գործարք»
Լիովին պարզ չէ՝ ինչ է Ռուսաստանի ուզածն Ուկրաինայում, կամ որն է լինելու ներխուժման համար նրա արդարացումը: Մոսկվան Թեհրանի պես չունի այնպիսի պահանջ, ինչպիսին է, օրինակ, պատժամիջոցների վերացումը: Փաստարկներն ակնառու են. Ռուսաստանը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն չընդլայնվի մինչեւ Ուկրաինա, եւ որ արեւմտյան ռազմական դաշինքի նպատակն է դիրքավորվել Ռուսաստանին հնարավորինս մոտ: Ռուսաստանը ձեւացնում է, թե «ներխուժման» մասին խոսքերը կեղծ են, «մերկապարանոց ու անհիմն»:
Այնուամենայնիվ, պարզ չէ՝ որն է Ռուսաստանի իրական մտադրությունը: Ռուսները կարող են փորձել ստեղծել մի իրավիճակ, երբ ամերիկացիները կմտածեն ստորագրել մի «գործարք», որը կփրկի երկու կողմերի դեմքը, եւ ԱՄՆ-ի մասին կասեն, որ նա կանխեց «պատերազմը»: Պուտինն ու Բայդենը կներկայացվեն որպես խաղաղարարներ, եւ նրանք միգուցե նույնիսկ պարգեւատրվեն Խաղաղության Նոբելյան մրցանակով, ճիշտ այնպես, ինչպես Օբաման ստացավ Խաղաղության մրցանակը՝ երբեւէ խաղաղությանն ուղղված գործողություն չկատարելով:
Արեւմուտքն այլեւս ոչինչ չի ձեռնարկում՝ վախենալով ավտորիտար տերություններին ընդդիմանալուց
Ժամանակին Թուրքիան սպառնաց ներխուժել Սիրիայի Աֆրին քաղաք՝ տարիներ շարունակ հարձակվելով քրդական խաղաղ բնակիչների վրա: Ի վերջո նա ներխուժեց Աֆրին 2018-ին՝ կանաչ լույս ստանալով Մոսկվայից, Վաշինգտոնից, ՆԱՏՕ-ից, ՄԱԿ-ից եւ ԵՄ-ից: Անկարան այնուհետեւ սկսեց էթնիկ զտումներ Աֆրինում:
Ռուսաստանը գիտի, որ այս մոդելն արդյունավետ է: Արեւմտյան երկրներն այլեւս ոչինչ չեն ձեռնարկում եւ վախենում են ավտորիտար տերություններին ընդդիմանալուց: Սա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է ավելի հեռու գնալ, քան Իրանը: Իսլամական Հանրապետությունը ապավինում էր Արեւմուտքին՝ իր գործարքը ստանալու համար: Մոսկվան չի կարող նման կերպ վարվել:
Երբ Ուկրաինայի հետ պատերազմը սկսվի, այն կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, եւ պատերազմը դադարեցնելը շատ դժվար կլինի:
Ըստ Ֆրանցմանի՝ Ռուսաստանի վերջին պատերազմները՝ Վրաստանի հետ կամ Սիրիայում, այնպիսին չէին, ինչը կարող է տեղի ունենալ Ուկրաինայում: Մոսկվայի դերը Ղրիմում եւ Դոնբասում 2014-ին նույնպես այն մոդելը չէ՝ այսօր ավելի հանդուգն գործողությունների համար: Ռուսաստանն այն ժամանակ իր գործողություններն արդարացրեց իր պատմական կամ տեղացիների անվտանգությունը ապահովելու պահանջներով: Ռուսաստանի բանակի փաստացի ներկայությունն արդեն լրիվ ուրիշ պատմություն է:
Պատրաստեց Կարինե Դավոյանը