Արցախից տեղահանված ու տները կորցրած եւ ժամանակավորապես Հայաստանում բնակվող քաղաքացիները եւս 2 ամիս (2022-ի հունվարի եւ փետրվարի համար) դրամական օգնություն կստանան ՀՀ Կառավարությունից։ ՀՀ-ում բնակություն հաստատած արցախցիներից շատերը չեն լուծել բնակարանային խնդիրները, չունեն աշխատանք ու սոցիալապես անապահով վիճակում են։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկով Կառավարությունն այսօր վերանայեց նախկինում ընդունված որոշման ժամկետը, որն ավարտվում էր 2022-ի հունվարի 1-ին։ Կառավարության այսօր ընդունած որոշմամբ` Արցախից տեղահանված երեխաներին եւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի ամսական 40000 դրամ, այլ անձանց` 20000 դրամ։
Արցախից տեղահանված ընտանիքներին ՀՀ Կառավարության որոշմամբ աջակցություն է տրամադրվում 2020-ի նոյեմբերից։ Կառավարությունը 4 ամիսը մեկ երկարաձգում է որոշման ժամկետը` վերանայելով շահառուների ցուցակները։
Կառավարության հաշվարկով՝ որոշման ի կատար ածման նպատակով հունվար–փետրվարի համար 2022-ի պետական բյուջեի ծախսերը կավելանան 2241720 դրամով։