Արդեն մի քանի օր է՝ գյուղատնտեսներն ահազանգում են պարարտանյութերի գների կտրուկ բարձրացման մասին: Չորս ամսվա ընթացքում դրանք թանկացել են 60-70%-ով:
Նախկինում 7500 դրամով վաճառվող պարարտանյութն այսօր արդեն արժի 24-25 հազար դրամ: Պատճառը Հայաստանի սահմաններից դուրս է՝ համաշխարհային շուկայում պարարտանյութերի գնի բարձրացումը: Իսկ սա հետեւանք է այն բանի, որ Եվրոպայում պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, եւ բացի այդ՝ աճել են գազի համաշխարհային գները:
Թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա գյուղմթերքի շուկայի վրա, եւ առաջիկայում ինչ սոսկալի գնաճի ենք ականատես լինելու, մնում է միայն ենթադրել:
Մասնագետները պնդում են, որ գնաճն անխուսափելի է լինելու, անկախ նրանից՝ գյուղացին կգնի՞ պարարտանյութ, թե՞ ոչ: Եթե գնի, բնականաբար ստիպված է լինելու թանկացման հետեւանքով հավելյալ ծախսը «հանել» ապրանքի արժեքը բարձրացնելով: Պարարտանյութ չգնելու կամ քիչ օգտագործելու դեպքում էլ հնարավոր է բերքը քիչ լինի, եւ սա էլ իր հերթին կհանգեցնի գնաճի:
Պարարտանյութերի թանկացման մասին խոսել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նրա՝ շեշտակի թանկացել են թե՛ պարարտանյութը, թե՛ սերմնացուն, թե՛ դիզվառելիքը։ Նախարարը նշել է, որ այս ամենն ուղիղ ազդեցություն է ունենալու գյուղմթերքի, հետեւաբար նաեւ ընդհանուր գնաճի վրա։
«Այս պահին մենք ինտենսիվ բանակցում ենք մի շարք երկրների արտադրողների հետ, որ հասկանանք, թե ինչ ձեւով ենք աջակցելու գյուղացիական տնտեսություններին այս բոլոր խնդիրները լուծելու հարցում,- ասել է նա՝ հաստատելով։- Բերքի ժամանակ սա ուղիղ ազդեցություն է ունենալու վաճառվող բերքի, հետեւաբար ընդհանուր գնաճի վրա»։
Թեեւ, եթե ավելի անկեղծ լինենք, պետք է արձանագրել՝ գյուղմթերքի ոլորտում թանկացումները վաղուց են սկսվել:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 11.2 տոկսով: Միայն 2021-ի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճը 12.9 տոկոս է եղել:
Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ բանջարեղենի ապրանքախմբում 2021-ի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 40.0%, իսկ 2021-ի նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ: Ընդ որում՝ նախորդ տարիներին երբեք բանջարեղենի գնաճն այսքան մեծ չէր եղել:
Մրգի ապրանքախմբում էլ 2021-ի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.8%, իսկ 2021-ի նոյեմբերի համեմատ` 4.9% գնաճ: Թեեւ այստեղ գնաճը շատ մեծ չէ, բայց եւ այնպես նկատելի է:
Իսկ հիշո՞ւմ եք՝ 2018-ի ամռան-աշնան ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես էր շրջում Երեւանի շուկաներում, վաճառողներին հարցուփորձ անում այն ժամանակ արձանագրված գնաճի պատճառների մասին: Այդ ամենն, իհարկե, «ֆեյսբուքյան լայվերից» այն կողմ չանցավ եւ որեւէ առարկայական հետեւանք չունեցավ: Ուստի առավել եւս հիմա նման շոուների կարիք չկա: Փոխարենը կա գյուղացիների ծախսերն ինչ-որ տեղ սուբսիդավորելու եւ սոսկալի գնաճի դեմն առնելու խիստ անհրաժեշտություն:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: