Այսօր Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (ԵՀՀ) ամփոփեց «Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում» ծրագիրը: Եռամյա (2018-2021) այս ծրագիրն ի սկզբանե նպատակ է ունեցել խթանելու կրոնի կամ համոզմունքի ազատությունը Հայաստանում՝ կենտրոնանալով մի շարք հարցերի վրա, որոնցից է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի բարելավումը: Միաժամանակ նպատակ էր դրվել վերհանելու հանրակրթության ոլորտում երեխաների եւ մեծահասակների կրոնի կամ համոզմունքի ազատության խախտումները, դրանց առնչությամբ լուծումներ գտնելու, հետեւելու, որ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը պատշաճ կիրառվի: Ծրագրով նախատեսված էր նաեւ ստեղծել կրոնական կազմակերպությունների եւ համայնքների ոչ ֆորմալ հարթակ, որի շրջանակում կքննարկվեն վերջիններիս հուզող խնդիրները, կազմակերպել Հայաստանում եւ Վրաստանում կրոնի կամ հավատքի հիմնահարցերի վերաբերյալ համաժողովներ, անցկացնել դասընթացներ:
Ծրագրի ամփոփման ժամանակ ելույթ ունեցողներն այն կարծիքին էին, որ դրված նպատակները հիմնականում իրականացվել են:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ ԵՀՀ-ին Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ հաջողվել է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության եւ բազմազանության վերաբերյալ օբյեկտիվ լրագրողական լուսաբանումը, առաջ տանել «Իրավահավասարության մասին» օրենքի նախագծի խորքային եւ մասնագիտական քննարկումներ, զարգացնել www.kronadaran.am եւ www.religions.am ռեսուրսները, որոնք կրոնների մասին գիտելիքի հայալեզու հարթակներ են։ Այս ծրագրի շնորհիվ, ինչպես տեղեկացանք, ամրապնդվել են Հայաստանի եւ Վրաստանի՝ կրոնի հարցերով զբաղվող պետական, հասարակական, ինչպես նաեւ կրոնական կազմակերպությունների միջեւ կապերը, լույս է տեսել «Հայաստանում, Վրաստանում եւ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները» տարածաշրջանային համաժողովի զեկույցը: Այն, ըստ հրատարակիչների, պարունակում է կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերի մասին եզակի քննարկում եւ արժեքավոր վերլուծություն։ Հայաստանում գործող կրոնական եւ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների եւ խմբերի մասնակցությամբ ստեղծվել է նաեւ ոչ ֆորմալ քննարկումների հարթակը, որտեղ արծարծվում են հասարակությանը հուզող տարբեր հարցեր։
Ինչպես Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, այնպես էլ ԵՀՀ մարդու իրավունքների ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը նշեցին, որ հիմնադրամը, ծրագրի շրջանակում Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության խախտումներին վերաբերող կոնկրետ գործերով համագործակցել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Հավասարության մարմնի հետ, ինչը ստեղծել է դրական նախադեպեր: Կրթության ոլորտում ԵՀՀ-ն հետազոտել է դպրոցներում կրոնի այլընտրանքային դասավանդման տարբերակներն ու իր առաջարկները ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, դպրոցական խորհուրդներին ու կրոնական համայնքներին, ինչն իր ազդեցությունն է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում՝ դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման անվանման եւ ձեւաչափի վրա:
Ծրագրի շրջանակում իրականացված բազմաթիվ նախագծերի շարքում նշվեց լրագրողական մրցույթը, որի արդյունքում մրցանակների են արժանացել կամ խրախուսվել կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութերը, և նկատվել է, որ կրոնին եւ համոզմունքին վերաբերող հարցերում բարձրացել է լրագրողների և լրատվամիջոցների զգայունությունը:
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին նշեց, որ դեսպանատունն աջակցել է ծրագրին՝ հաշվի առնելով այն կարեւոր գաղափարներն ու նպատակները, որոնք դրված էին, եւ ուրախ է՝ տեսնելով ծրագրի հաջողությունը եւ այն արդյունքները, որ գրանցվել են Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության խթանման առումով:
Եռամյա ծրագրի շրջանակում ստեղծված kronadaran կայքը ներկայացրեց ԵՀՀ հաղորդակցության պատասխանատու Նանե Պասկեւիչյանը, իսկ հետազոտող Նաիրա Սահակյանը պատմեց ծրագրի շրջանակում իր հեղինակած գրքի մասին, որ շուտով լույս կտեսնի եւ գիտահանրամատչելի լեզվով ցույց կտա Հայաստանի եւ հարակից շրջանների կրոները:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։