Հայաստանի պետական բյուջեի ծախսերն ուսումնասիրելիս ի հայտ եկավ մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեն տարիներ շարունակ մեծ գումարներ է վճարել հայտնի գործարար, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։
Փաստաթուղթը 2020 թվականի է, որի համաձայն՝ ՊԵԿ-ը յուրաքանչյուր ամիս 3 մլն դրամ, տարեկան 36 մլն դրամ է վճարում Շողերինա Մկրտչյանին Արշակունյաց 127/21 հասցեում գտնվող շինությունը վարձակալությամբ վերցնելու համար։ Կնքված պայմանագրից հասկանալի է դառնում, որ ՊԵԿ-ը Ալեքսանյանի կնոջից այդ տարածքը վարձակալել է դեռեւս 2012 թվականից։
ՊԵԿ-ը վարձակալած այդ տարածքում տեղակայել է Արարատյան մաքսատուն-վարչության մաքսային ձեւակերպումների թիվ 2 բաժինը՝ «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մաքսատունը։ Այն մինչ այդ գործել է Իսակովի 10 հասցեում, բայց տրանսպորտային միջոցների ներկրման շարունակական աճի, մինչեւ մաքսազերծումը դրանց պահպանման համար պատշաճ պայմաններ ստեղծելու, մաքսային ձեւակերպումներին առնչվող բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ իրականացնելու պատճառաբանությամբ ՊԵԿ-ը 2012-ից Շողերինա Մկրտչյանից վարձակալել է այդ տարածքը:
Նշենք, որ դա այն նույն մաքսատունն է, որտեղ երկու տարի առաջ այցելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բարկացել տարածքի փնթիության եւ գետնին գցված՝ ՀՀ դրոշի համար։
Տարբեր փաստաթղթերի համաձայն՝ մասնագիտացված մաքսատան ընդհանուր տարածքը նախ եղել է 4561 քմ, այնուհետեւ՝ 4332 քմ եւ աստիճանաբար նվազել է ըստ անհրաժեշտության։ Վարձավճարն ի սկզբանե եղել է 6,9 մլն դրամ ու նվազելով հասել է 3 մլն դրամի։ Առաջին տարիներին, օրինակ՝ նույն 2012-ին, ՊԵԿ-ն այդ տարածքի համար վճարել է 82 մլն դրամ։
Իհարկե, տարօրինակ բան չկա, որ պետական կառույցն իր կարիքների համար որեւէ գործարար տիկնոջից տարածք է վարձակալում։ Բայց այստեղ մի քանի խնդիր կա. նախ ակնհայտ կոռուպցիա է, երբ պաշտոնատար անձի կինը պետական կառույցի հետ նման գործնական հարաբերություններ է հաստատում ու պետական բյուջեից ամեն տարի կլորիկ գումար ստանում։ Այն, որ այդ գործարքի տերն իրականում պատգամավոր Ալեքսանյանն էր եւ ոչ թե Շողերինա Մկրտչյանը, որեւէ մեկի համար կասկած չի հարուցել։ Նախկին պատգամավորի կնոջը ոչ ոք երբեք որեւէ գործնական հարաբերության ժամանակ չի տեսել: Ի տարբերություն շատ կին գործարարների՝ իր գործունեության մասին մեկնաբանությամբ նա երբեք հանդես չի եկել։ Թեեւ Ալեքսանյանը պատգամավոր եղած ժամանակ հաճախ էր կրկնում, թե ինքը բիզնեսով չի զբաղվում, կինն է բիզնեսմեն, ու իրեն նա է պահում։
Բայց դա արդեն անցյալում է, Ալեքսանյանն այլեւս բարձրաստիճան պաշտոնյա չէ, որ կնոջ հետ միասին հայտարարագիր ներկայացնի կամ մտահոգվի, որ պետբյուջեից գումար ստանալը կոռուպցիա է, ու չբացահայտի դա։ Բայց այս գործարքում կա անցյալից եկող մեկ այլ տխուր հանգամանք, որը ժամանակին համատարած բնույթ է կրել, եւ որն այսօր էլ իր որոշակի ֆինանսական ազդեցությունն է թողնում թե՛ նախկին պաշտոնյաների եւ թե՛ պետական ծախսերի վրա։ Առաջին դեպքում՝ դրական, պետության դեպքում՝ բացասական։
Շատ այլ տարածքների նման Ալեքսանյանին կամ նրա կնոջը պատկանող Արշակունյաց 127/21 տարածքը ժամանակին եղել է պետական՝ նախկին «Պոլիվինիլացետատ» գործարանը։ Պատգամավորն այն սեփականացրել է 2006 թվականին։ Ընդ որում՝ ՊԵԿ-ի կողմից վարձակալվող այդ տարածքը գործարանի միակ շենքը չէ։ «Պոլիվինիլացետատ» գործարանը հսկայական տարածք ու մի քանի շենքեր է ունեցել։ Այդ շենքերից մեկում այսօր գործում է Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը, մյուսները գործարարի պահեստներն ու այլ օբյեկտներն են։
Այսինքն՝ տարիներ առաջ Ալեքսանյանը, ունենալով իշխանությունների հովանավորությունը (ասում են՝ այսօր էլ ունի գործող իշխանությունների հովանավորությունը), սեփականացրել է այդ տարածքները եւ այսօր դրանք ոչ միայն օգտագործում է իր ընկերությունների համար, այլեւ պետությանը վարձով է տալիս ու պետբյուջեի հաշվին եկամուտ ստանում։
Եվ միայն Ալեքսանյանը չէ, որ ժամանակին սեփականացրել է պետական օբյեկտներն ու հիմա դրանք հաջողությամբ իրացնում է։ Պետական շատ արժեքավոր շինություններ, սկսած Երեւանի կենտրոնից, սեփականացվեցին ու հիմա պետությանը վարձով են տրվում։ Նախորդ հոդվածում ներկայացրել էինք քաղաքաշինության ու բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի օրինակը, որը սեփականացրել էր Հանրապետության հրապարակի անմիջապես հարեւանությամբ գտնվող մի հսկա շենք։
Եվ վերջում՝ երբ համացանցում փորձեցինք գտնել, թե Արշակունյաց 127/21-ում էլ ինչ ընկերություններ կամ կառույցներ են գործում, հայտնաբերեցինք բավականին թարմ նորություններ. Շողերինա Մկրտչյանը 2020-ին ձեռք է բերել այդ հասցեի արդեն հողատարածքի սեփականության իրավունքը։ Իսկ անցած տարի մարտի 23-ին 799-Ա որոշումով էլ Երեւանի քաղաքապետարանն օրինական է ճանաչել այդ հողատարածքի վրա նրա կառուցած 1625.0 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը։ Ըստ քաղաքապետարանի՝ դրանք արտադրական շինություններ են։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։