1992 թվականի հունվարի 28-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը, որ գլխավորում էր վարչապետ Գագիկ Հարությունյանը (նաեւ՝ ՀՀ փոխնախագահ), ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը:
Ահա այդ պատճառով է, որ ամեն տարի Հայկական բանակի օրը նշվում է հունվարի 28-ին: Իրականում Հայկական բանակի ստեղծման ակունքները հասնում են մինչեւ 1990-ի օգոստոս, երբ Խորհրդային Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելով կոմունիստներին:
Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը օգոստոսի 21-ին ստորագրեց թիվ 411 հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումը ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին»:
Ստորաբաժանումը ձեւավորվելու էր կամավորության սկզբունքով. «Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը… Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության եւ հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներ»:
Ավելի հստակ՝ դա Հատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր «սահմանամերձ շրջանների պաշտպանության եւ բնակչության անվտանգության ապահովումը»:
«Որպես վարչապետ ես ստորագրեցի հրամանը`ստեղծել պաշտպանության կոմիտե, հրամանը կար, չէի հրապարակում, սպասում էի, որ հարմար պահ լինի, Մոսկվայի գլուխը ուրիշ բանով զբաղված լինի, որ այդ հրամանը տանենք առաջ առանց վտանգելու քաղաքական մեր իրավիճակը: Եվ դա հաջողվեց, ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն»,- հետագայում ասել է Վազգեն Մանուկյանը:
Ձեւավորվող Հայկական բանակի առաջին գործողություններից էր Հայոց ազգային բանակի՝ ՀԱԲ-ի զինաթափումը: ՀԱԲ-ը քաղաքական-ռազմական խմբավորում էր, որ փորձում էր չենթարկվել հիմնադրվող պետության օրենքներին:
1990-ի օգոստոսի 29-ին Գերագույն խորհրդի նախագահ եւ երկրի փաստացի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ ՀԱԲ-ը զինաթափվեց:
«Ոչ կարգավորված խմբերը միշտ մեծ վտանգ են ներկայացնում երկրի կայունության եւ պաշտպանության հարցում: Մեզ պետք էր բոլոր կռվող տղաներին մտցնել կառույցների մեջ: Հատուկ գնդի ձեւավորումը կարծես թե միակ հնարավոր լուծումն էր: Զինված ջոկատների տղաների մի մասը համաձայնեցին մտնել այդ գնդի մեջ: Նույնիսկ ուրախացան, որովհետեւ նրանք ուզում էին ծառայել իրենց հայրենիքին, եւ դա օրինական ճանապարհ էր, կառավարության որոշումով իրենք զենք էին վերցնում իրենց ձեռքը եւ ծառայում հայրենիքին»,- ասել է Վազգեն Մանուկյանը:
Խորհրդային Հայաստանի ներքգործնախարար (1990-1991) Կարլոս Ղազարյանը մի հարցազրույցում ասել է. «Ես մեկնեցի Մոսկվա, որպեսզի հիմնավորեմ Հատուկ գնդի ստեղծման նպատակը: Այն ժամանակ նախարարը Բակատինն էր: Հայաստանի կառավարության որոշումը կար, բայց Մոսկվան դեռ կար, մենք պարտավոր էինք այդ հարցերը կարգավորել: Բակատինը սեղանին դրեց թերթը եւ ասաց. «Դուք բանա՞կ եք ստեղծում»: Ասացի՝ ոչ, մենք ստեղծում ենք գունդ հանցագործության դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով»:
1990 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվեց կազմավորման հիմնադիր խումբ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ: Նա Գերագույն խորհրդում հանդես եկավ հայտարարությամբ եւ կոչ արեց անդամագրվելու կառույցին: Սեպտեմբերի 3-ին առաջին զինվորագրվողներն արդեն շարք էին կանգնել Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում: Երկու օրում գրվեց 1200 դիմում: Մանդատային հանձնաժողովը մինչեւ սեպտեմբերի 23-ը 2000-ից ընտրեց 800-ին:
Կարլոս Ղազարյանն ասել է. «Դժվարություններ եղան, տղաներից շատերը չէին ուզում, որ գունդը լինի միլիցիայի` ներքգործնախարարության կազմում: Հետագայում նրանցից շատերը դարձան ՆԳՆ աշխատակիցներ: Սկզբում չէին ուզում հագուստ: Մենք միլիցիայի հագուստ չհագցրինք, այլ ներքին զորքերի: ՆԳՆ-ն երկու տեսակի հագուստ ուներ»:
Հատուկ գնդի հրամանատար նշանակվեց Սերգեյ Առաքելյանը: Սկզբնական շրջանում գունդը կազմված էր 26 վաշտից. մայրաքաղաքային վեց վաշտ, որոնք ընդգրկված էին առաջին եւ երկրորդ գումարտակներում, մեկ դեսանտային վաշտ եւ սահմանային հատուկ վաշտեր:
1990-ի սեպտեմբերի 24-ին գնդի կազմավորման ընթացքին ծանոթանալու համար հավաքակայան այցելեցին Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, հոգեւորականներ: Այդ օրը կայացավ զինվորական քայլերգով ուղեկցվող շքերթ:
Սերգեյ Առաքելյանն ասել է. «Առաջինը ես ընդունեցի երդում ամբողջ գնդի առաջ: Աստվածաշնչի վրա դնում էինք ձեռքը, մյուս ձեռքին բռնած կարդում երդման տեքստը, որից հետո ստորագրում»:
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գնդի երդման հանդիսավոր արարողությունը:
Գուրգեն Մելքոնյանը գնդի հրամանատարներից էր. «Հայկական բանակ էր ստեղծվում, հայերեն էինք երգում: Հրամանները տրվում էին հայերեն: Հուզմունքից բոլորը լաց էին լինում: Ովքեր համազգեստ ունեին, հատկապես մեծ մարդիկ, օձիքներ էին կարել: Սափրված էին: Կային որոշ մարդիկ, որոնք չէին ուզում մորուքներից հրաժարվել: Ֆիդայությունից դառնում էին զինվորական: Մեծ մասը երդվել էին, որ իրենց մորուքները կսափրեն այն ժամանակ, երբ Արցախը ազատագրված կլինի, կլինի մերը»:
Վազգեն Մանուկյանը ողջույնի խոսքում ասաց. «Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ եւ կհասնենք քաղաքական, տնտեսական անկախության: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն եւ կվերադարձնենք մեր նախնիների փայլը»:
Այսպես է դրվել Հայկական բանակի հիմքը, որն անցավ Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմներով, արյունաքամ եղավ, տվեց հազարավոր զոհեր, սակայն շարունակում է լինել Հայաստանի պաշտպանության եւ տարածքային ամբողջականության երաշխավորը:
Լուսանկարները Արմենպրեսի արխիվից
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։