Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Միացյալ Նահանգները կոչ է արել հաջորդ շաբաթվա սկզբին հրավիրելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ՝ «Ռուսաստանի սպառնալից պահվածքի պատճառով Ուկրաինայի շուրջ առաջացած ճգնաժամը» քննարկելու համար:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ առաջիկա հանդիպումը հնարավորություն է՝ բացահայտելու Մոսկվայի պահվածքը եւ «մեկուսացնելու» Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում։
«Ավելի քան 100 հազար ռուս զինվորական է կենտրոնացված Ուկրաինայի հետ սահմանին, Ռուսաստանը ներգրավված է նաեւ Ուկրաինայի դեմ ուղղված ապակայունացնող այլ գործողություններում, որոնք ակնհայտ վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության, անվտանգության եւ ՄԱԿ-ի Կանոնադրության համար»,- ընդգծել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:
Ռուսաստանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն է, կարող է վետոյի իրավունքով արգելափակել խորհրդին ներկայացված ցանկացած բանաձեւ։ «Ու թեեւ նրանք ունեն վետոյի իրավունք, նրանց մեկուսացումը կզգացվի, եթե հարցը ներկայացվի Անվտանգության խորհրդին, եւ մենք ռուսների դեմ հանդես գանք որպես միասնական ճակատ»,- վստահեցրել է ԱՄՆ ներկայացուցիչը:
Պաշտոնական Մոսկվան հերքում է արեւմտյան տերությունների եւ Կիեւի պնդումները Ուկրաինայի դեմ նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ։
Հեռախոսազրույց ԱՄՆ-իեւ Ուկրաինայի նախագահների միջեւ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են սահմանային լարվածության նվազմանը հասնելու եւ հետագա գործողությունները համակարգելու դիվանագիտական ուղիները:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին, այս խոսակցությունը «Ուկրաինայի կառավարության հետ կանոնավոր շփումների մի մասն է» եւ որեւէ կոնկրետ հայտարարություն չի նախատեսում։