Բանակի տոն օրով Ֆեյսբուքի լրահոսում հանդիպած այս լուսանկարը հավանաբար տեղադրվել է հայ զինվորի հանդեպ հարգանք հավաստելու համար, բայց, չգիտեմ ինչու, հիշեցրեց անցած աշնանը Գյումրի–Երեւան ճանապարհին իմ արձանագրած պատկերները, որոնք ոչ թե կամ ոչ միայն աղբահանության անլուծելի հռչակված խնդրին են վերաբերում, այլ/այլեւ ազգային մեր մտածողության հիգիենային։
Եթե ուրեմն «ՏԱՐԱԾՔԸ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ», պետք է պահպանել մաքրություն, իսկ եթե, ասենք, Արթիկ-Ապարան ճանապարհի եզրն է, կարող է լինել աղբանոց, որովհետեւ ազատագրված չէ, հասկանո՞ւմ եք, տեղավորված չէ «ՀԱՅ ԴԱՏ-ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ-ՍԵՎՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ-ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌ» համազգային համատեքստում։
Հայրենիք ունենալու, հայրենիք զգալու մղումն այսպիսով արդարացնում է «դժգույն-դժբախտը» օտարելու մեր պատրաստակամությունը՝ անկախ նրանից, թե ով, ինչու եւ որտեղ է արյուն թափում։
Միակ փրկությունն առայժմ խաչն է, քանի դեռ պատրաստ չէ Հիսուսի 33-մետրանոց արձանը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։