«Սաքոյի դեպքը շատ բարդ էր, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր։ Երբ ինտուբացիայից առաջ ասացի՝ հանգիստ փակիր աչքերդ, նորմալ կլինի, ընդամենը մեկ նախադասություն արտաբերեց. «Փրկեք, եթե կարող եք, երկու տղա ունեմ, նրանց դեռ պետք եմ»: Արյան հոտը շատ էր տարածվել ու խեղդում էր, օդորակիչն էլ վատ էր աշխատում… Հոգեբանորեն նույնպես շատ դժվար էր։ Մինչեւ վիրահատությունը դիմացդ 190 սմ հաղթանդամ տղամարդ է։ Վերջում տեսնում ես՝ մնաց 140 սմ, հետո 120»։
Հետախույզ եւ հատուկջոկատային Սարգիս Ստեփանյանին վիրահատած ռազմական բժիշկ Վահան Ոսկանյանի պատմած ծանր այս տեսարանը տեղ է գտել «Բազկամարդը» գրքում, որը լույս է ընծայել Newmag-ը: Շնորհանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում էր՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով: Միաժամանակ նաեւ կայացավ Սարգիսի մասին պատմող «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերան:
2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն, նորից վերադառնում զինվորական ծառայության: Մարզիկն իր օրինակով փորձում է ցույց տալ զինվորներին, որ անելանելի իրավիճակներ չկան:
«Բազկամարդը», կենսագրական լինելուց բացի, ճանաչողական եւ ուսուցողական ձեռնարկ է, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր հաղթահարել ողբերգությունը եւ ապրել մեկ այլ իրականության մեջ:
«Կարեւոր է, որ հատկապես մեր կյանքի այս փուլում կարդանք գիրքն ու հավատանք, որ կարող ենք ունենալ հաջողություններ՝ անկախ մեզ պատած դժվարություններից»,- ասում է գրքի համահեղինակ Դավիթ Դավթյանը:
Գրքում կան դրվագներ, որոնք դժվար է ընթերցել, երբեմն դժվար է հավատալ դրանց իսկությանը: Բայց եւ այնպես ներկայացրել են եղելությունը՝ զերծ մնալով դաժան տեսարանների նկարագրություններից: Չեն նշվում նաեւ տեղանուններ, փոխված են զինվորականների անունները:
«Այս ամբողջ ուժը, կամային հատկությունները ծնվում են հավատից, հավատն առաջինը ինքդ քո, քո ուժերի հանդեպ: Հավատում էի, որ ոտքի եմ կանգնելու, կյանքի հանդեպ մեծ սերն ապրեցրեց ինձ, երեխաներս մեծ ուժ տվեցին»,- ասում է Սարգիս Ստեփանյանը:
«Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմում Սարգիսը ներկայացնում է իր ապրումները, պատմում ոտքի կանգնելու իր դժվարին ճանապարհի մասին:
Ռեժիսոր Հայկ Կբեյանն ասում է. «4-5 օր անընդհատ նրա հետ ենք եղել, փորձել ենք վավերագրել նրա առօրյան, բեմադրական ոչ մի հատված չկա: Ֆիլմի նկարահանումների ժամանակ ինքս էլ «վերականգնվեցի»: Սարգիսի պատմությունը ֆիզիկական ու ոգեղեն ուժի մասին է, որի կարիքն այսօր ամենքս ունենք»:
Սարգիսը հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի եռակի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի վերարժեւորելու կյանքը, գտնել վերականգնվելու ճանապարհներ: Նախագիծն իրականացվում է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի աջակցությամբ:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։