Ըստ ամերիկյան Politico պարբերականի՝ Ջո Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում աճող գրգռվածության պատճառով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է Ռուսաստանի կողմից սպառնալիքի նկատմամբ իր դիրքորոշումը: Ուկրաինայի առաջնորդը վերջին ժամանակներս հայտարարել է, թե Ռուսաստանի հետ դիմակայությունն այնքան էլ սարսափելի չէ:
Պարբերականի տեղեկություններով՝ Զելենսկին մտավախություն է հայտնել, որ ԱՄՆ-ը միտումնավոր չափազանցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը փորձում է ռուս-ուկրաինական տարաձայնությունները ծառայեցնել ամերիկյան շահերին։
Ուկրաինայի նախագահի կարծիքով դա քաղաքական տարածք կտա Վաշինգտոնին Կրեմլի հետ պայմանավորվածությունների կնքման համար, օրինակ՝ Դոնբասի նկատմամբ Մոսկվայի վերահսկողության ուժեղացման հարցում:
CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի հարցով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունն ուժեղանում է Կիեւի դիրքորոշման պատճառով: Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական սպառնալիքի շուրջ իրավիճակի տեղեկատվական սրումը Զելենսկին սխալ է համարել։