CNN Հունաստան կայքում (cnn.gr) լույս է տեսել հունահայ Արաքսի Աբելյան (Ապելեան) Քոլանյանի հոդվածը Բաքվի` 1990 թվականի հայերի ջարդերի մասին։
Այն վերնագրված է «Հանցագործների հերոսացումը ծնում է նոր հանցագործների»: Հունաստանում Հայաստանի դեսպանատունը ներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը՝ նշելով, որ 1990 թվականի Բաքվի ջարդերն ու դրան հաջորդած խորհրդային զորքերի մուտքն Ադրբեջան հոդվածում դիտարկվում են ամբողջական համատեքստում։
«Ալիք Մեդիա»-ի տեղեկություններով՝ միջազգային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի հեղինակ Արաքսի Աբելյան-Քոլանյանը երկար տարիներ պրոֆեսիոնալ թարգմանիչ է աշխատել Հունաստանում, ուղեկցել է Հունաստանի նախագահներին Հայաստան այցերի ժամանակ, նախկինում Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ է եղել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հոդվածը CNN Հունաստանին է ուղարկել պարզապես որպես հունահայ համայնքի անդամ, եւ լրատվամիջոցը հրապարակել է այն:
Նյութում հեղինակը հիշեցնում է, որ հունվարի 19-ը հայերի համար եւս մեկ ցավալի եւ տխուր ամսաթիվ է. այս տարի լրացավ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակվող հայերի դեմ ադրբեջանցիների իրականացրած ջարդերի 32-րդ տարելիցը: Հոդվածագիրը մեջբերում է Human Rights Watch կազմակերպության ներկայացրած տվյալները, ըստ որի՝ 1990 թվականի հունվարի 12-ից սկսած յոթ օր շարունակ հայ խաղաղ բնակիչները ենթարկվել են բռնությունների եւ խոշտանգումների, ավելի քան հարյուր մարդ սպանվել է, ավելի քան 2000 հայկական տուն՝ թալանվել եւ հրկիզվել: Մեջբերելով Human Rights Watch կազմակերպության համապատասխան զեկույցից (որը ստորագրել է Ռոբերտ Քուշենը)՝ հեղինակը նշում է. «Գործողություններն ամբողջությամբ կամ միգուցե ամենեւին էլ ինքնաբուխ չեն եղել, քանի որ հարձակվողներն ունեցել են հայերի ցուցակներ, ինչպես նաեւ նրանց հասցեները»։
Հիշեցնելով, որ միջազգային հանրությունը դատապարտել է հայ խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված բռնությունները՝ հեղինակը մեջբերումներ է անում Եվրախորհրդարանի բանաձեւից, «New York Review of Books»-ից, որում 1990 թվականի սեպտեմբերի 27-ին հրապարակվել է 133 աշխարհահռչակ մտավորականների ստորագրած «Խորհրդային Միությունում հայերի նկատմամբ իրականացված բռնությունների եւ սպանդի» վերաբերյալ բաց նամակը:
Հոդվածում մեկ այլ մեջբերում Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովից է: Սախարովը «Նյու Յորք Թայմս»-ին ասել է. «Այս սպանդն իրական ոչնչացման վտանգ է ներկայացնում ինչպես Ադրբեջանում հայկական համայնքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հայերի համար, որոնք կազմում են տեղի բնակչության 80%-ը»։
Արաքսի Աբելյան-Քոլանյանը գրում է, որ սպանդի ողբերգական հետեւանքով Բաքվի հայկական համայնքը ենթարկվեց ամբողջական էթնիկական զտման, մինչդեռ այնտեղ մինչեւ 1988 թվականը բնակվում էր մոտ երեք հարյուր հազար հայ, եւ ավելացնում, որ այդ իրադարձությունները երբեք չեն դատապարտվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ոչ էլ նույնիսկ հետագայում հետաքննվել` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է «արյունոտ հունվարը» որպես Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարի մաս` լռելով, սակայն, մի շատ անհարմար ճշմարտության՝ ամբողջ Խորհրդային Միությունում 1991 թվականի մարտի 17-ին ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ անցկացված հանրաքվեի մասին։ Անկախության ձգտող խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, ինչպես նաեւ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հրաժարվեցին հանրաքվեին մասնակցելուց: Ընդհակառակը, Ադրբեջանի ժողովուրդը, որն իբր «պայքարում էր իր անկախության համար», մասնակցեց հանրաքվեին, որի 93%-ից ավելին կողմ արտահայտվեց ԽՍՀՄ-ի պահպանմանը»,- գրում է հունահայ համայնքի անդամը, որ հոդվածում զետեղել է նաեւ այդ հանրաքվեի քվեաթերթիկը:
Հոդվածը եզրափակվում է հեղինակի այն մտքով, որ Ադրբեջանի գործելաոճը հայերի հանդեպ ատելություն է հրահրում այդ երկրում, հանգեցնում նոր զոհերի եւ նոր ողբերգությունների, իսկ այդ դիրքորոշումը ոչ մի կերպ չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։