Գյումրու ամենաբանուկ հատվածներից մինչեւ ծայրամասերը թափառող շների խմբերով են լցված։ Շներն ակտիվանում եւ ավելի վտանգավոր են դառնում հատկապես տարվա այս եղանակին։ Բնակիչներն ահազանգում են պատկան կառույցներին, հայտնում իրենց մտահոգությունը, բայց դրանից ո՛չ շների քանակն է պակասում, ո՛չ էլ հարձակման դեպքերը։
Թափառող շների քանակն ավելացավ 2019 թվականի հոկտեմբերին Քրեական օրենսգրքում կատարված լրացումից հետո։ Ըստ օրենքի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ «կենդանու կյանքի ընդհատումը խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը»:
Օրենքի գործարկումը վերջ դրեց օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ շներին գնդակահարելու դաժան իրողությանը։ Մարդիկ հիշում են, թե ինչպես էին արնաշաղախ, վիրավոր կենդանիները կաղկանձելով փախչում եւս մեկ գնդակից։
Թափառող շների խնդրի այլընտրանքային լուծման համար ստեղծվեցին վնասազերծման կենտրոններ, որտեղ կենդանիները կա՛մ ստերջացվում, կա՛մ հարկ եղած դեպքում, եթե կատաղած են, էֆթանազիայի են ենթարկվում։
Չորքոտանի բարեկամներին է՛լ չեն գնդակահարում, փոխարենը Շիրակի մարզում ավելացել են շան կծելու հետեւանքով հիվանդանոց դիմելու դեպքերը։
Մարզի գլխավոր բուժհաստատությունից տեղեկացնում են, որ 2020 թվականին շան կծելու 114 դեպք են ունեցել, 2021-ին՝ 179-ը։ Ընթացիկ տարին նոր է սկսվել, բայց շներն արդեն կծել են մոտ մեկ տասնյակ քաղաքացիների։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը փաստում է, որ խնդիրն առկա է ոչ միայն Գյումրիում, այլեւ մարզի բոլոր բնակավայրերում։ Մարզպետարանն օրական տասնյակներով ահազանգեր է ստանում խնդրով մտահոգ քաղաքացիներից։
Մարզպետը թափառող շների հարցն անկառավարելի է որակում, ասում է՝ հարցը կախված չէ ո՛չ համայնքից, ո՛չ մարզից։ «Օրենսդրության փոփոխությունը մարդկանց կյանքի համար վտանգ է դարձել։ Ես հակված չեմ կենդանիներին դաժանորեն սպանելու, բայց հարցը կանոնակարգել է պետք»։
Տիկին Բաղդասարյանը չի ժխտում, որ շներին վնասազերծելու օրենքը կա, որի շրջանակում, սակայն, հարցի լուծումը ծախսատար է եւ անարդյունավետ։ «Երկրորդ տարբերակով խորհուրդ եմ տալիս ստորագրահավաք նախաձեռնել եւ չեղարկել օրենքը։ Մարդիկ բողոքում են, բայց չես կարող նրանց բացատրել, որ օրենքի շրջանակում որեւէ գործառույթ չունես»,- խնդրի լուծման ծայրահեղ տարբերակն է առաջարկում մարզպետը։
«Ոչ թե խնդրի համար պետք է մեղադրել օրենքին, այլ օրենքը չկատարողներին։ Հարկ է գտնել, թե օրենքը չկատարելու խնդիրները որտեղ են,- հակադարձում է օրենքի հեղինակ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ մեկնաբանում,- Քրեական օրենսգրքում իմ առաջարկած փոփոխությունը բացառապես վերաբերում է կենդանու նկատմամբ անմարդկային ու դաժան վերաբերմունքին»։
Տիկին Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունն այդպիսի քայլի չի գնա՝ չեղարկել օրենքը․ «Անհնարին է բերել նախագիծ, որը կենդանիների նկատմամբ թույլ կտա անմարդկային ու դաժան վերաբերմունք»։
Որ թափառող շները լուրջ վտանգ են ներկայացնում հասարակության համար, տիկին Զոհրաբյանը ոչ միայն չի հերքում, այլեւ իր մտահոգությունն է հայտնում։ Լուծումը ոչ թե օրենքը չեղարկելն է, այլ ճիշտ աշխատելը․«Պետք է աշխատեցնել այն կառույցները, որոնց համար քաղաքապետարաններն ու մարզպետարանները ստանում են գումարներ։ Այլ հարց է, եթե գումարը բավարար չէ թափառող շներին բռնելու, վնասազերծելու, քնեցման ճանապարհով կյանքն ընդհատելու համար։ Պետք է ոչ թե օրենքը փոխել, այլ դիմել կառավարություն՝ լրացուցիչ հաստիքների եւ միջոցների պահանջով,- ասում է օրենքի հեղինակն ու մատնանշում հաջողված օրինակը։- Երեւանի քաղաքապետարանին կից գործում է թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ը, որը հարաբերականորեն նորմալ կատարում է իր գործառույթը»։
Օրենքն է վատը, թե այն չկատարողը, թույլ չտալ կենդանու հանդեպ անմարդկային ու դաժան վերաբերմունք, թե բոյկոտել այն, վերջին հաշվով հետաքրքիր չէ այն մարդուն, ով ենթարկվում է կատաղած շների հարձակմանը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։