«Իտալացի նշանավոր երգչուհի Բենեդետա Պարավիան, որը հայտնի է որպես «Արքայադուստր մեղու», իր նոր «Միայն Դուբայ» երգով հիացրել է երաժշտասերներին»,- գրում է Արաբական Միացյալ Էմիրությունների Gulf Today պարբերականը։ Երգը նա նվիրել է այն երկրին, որտեղ բնակվում է վերջին քսան տարիներին:
Պարավիան երգահան է, հեռուստատեսային պրոդյուսեր, երգչուհի եւ ակտիվ հանրային գործիչ։ Իր նոր երգը նա կատարել է մի երեկոյի ընթացքում, որին ներկա էին հայտնի մշակութային գործիչներ, գործարարներ եւ հարգարժան այլ մարդիկ:
«Միայն Դուբայ»-ը հարգանքի տուրք է սիրելի քաղաքին։ «Արքայադուստր մեղուն» երգը գրել է Աբու Դաբիից Ալանուդ Ալ Ռեմեյթիի հետ եւ գործիքավորել լիբանանահայ երաժիշտ Գի Մանուկյանի աջակցությամբ:
Երգում Դուբայը գովերգվում է որպես երիտասարդ կին: «Արքայադուստր մեղուն» բոլորին հրավիրում է Դուբայ։ «Ես ձեզ կուղեկցեմ դեպի Դուբայ, իմ կյանքի քաղաք, իմ միակ քաղաք, wallah habeeby»,- ասվում է երգում:
Պատրաստվել է նաեւ տեսահոլովակ, որում պատկերված է քաղաքը արեւածագից մինչեւ մայրամուտ։ Նկարահանումները կատարվել են բարձր վայրերից եւ անօդաչու թռչող սարքերից:
Պատրաստեց Կարինե Դավոյանը