Իրանի Բուշեհր նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ արհեստագործության կազմակերպության ղեկավարի տեղակալ Նասրոլլահ Եբրահիմին «Iran Daily» պարբերականին հայտնել է, որ տեղի հայկական եկեղեցու վերականգնված տապանաքարերը գրանցվելու են որպես պատմական հուշարձաններ։
Նա ասել է, որ եկեղեցու բակում աճած ծառերն ու խոտերը վնաս էին հասցրել կառույցին, այդ պատճառով սկսվել էին տարածքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքները: «Տապանաքարերը, որոնք նախկինում վերականգնվել եւ պահվում էին տաճարի ներսում, փաստագրման նպատակով տեղափոխվել են Պարսից ծոցի մարզային թանգարան եւ շուտով կվերադարձվեն»։
Եկեղեցին, որը թվագրվում է Ղաջարների դարաշրջանին (1789-1925), կառուցել է Ավադյան ընտանիքը Բուշեհրում ապրող բրիտանացի քրիստոնյաների օգնությամբ: Այն գործել է մինչեւ 1948 թվականը:
Եկեղեցին երկար տարիներ լքված էր։ Բուշեհրի տաք եւ խոնավ կլիման քայքայել էր շինության գմբեթի եւ առաստաղի մեծ մասը: Ավելի ուշ նահանգի մշակութային ժառանգության կազմակերպությունը վերականգնեց ավերված հատվածները՝ բերելով դրանք նախնական տեսքի:
2002 թվականին հայկական եկեղեցին գրանցվել է Իրանի պետական ժառանգության ցանկում:
Պատրաստեց Կարինե Դավոյանը