Ժամանակակից արվեստի ինստիտուտը Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության Օգնության ֆոնդի աջակցությամբ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում չորս ամիս առաջ մեկնարկել է «Կոմիտաս. հողը եւ երգը» նախագիծը:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանն ասում է՝ նախագծի աշխարհագրական կենտրոնը ոչ թե Գյուլագարակ պետք է լիներ, այլ Վարդաբլուրը, որտեղ Կոմիտասը գրի է առել «Լոռվա գութաներգը»: Վարդաբլուրում միջոցները սահմանափակ են, մշակույթի ակումբը կիսավեր վիճակում է: Այդ պատճառով ընտրվել է Գյուլագարակը։
Այստեղ հիմա երկու՝ երգեցողության եւ խեցեգործության աշխատարան է գործում: Խմբավար Գոռ Մելքումյանը կոմիտասյան ու ժողովրդական երգերով համայնքի երեխաների մեջ փորձում է ձեւավորել երաժշտական ճաշակ, պահանջկոտ լսարան, վերականգնել ժողովրդական երգի հետ խզված կապը:
Խմբավարն ասում է՝ թեեւ այս աշխատարաններով համակարգային խնդիր չի կարող լուծվել, բայց եւ այնպես, կլուծվի տեղային խնդիր. «Եթե առողջացնենք այստեղի միջավայրը, հետո այստեղից դուրս եկող մարդիկ էլ կգնան, կառողջացնեն մեկ այլ միջավայր: Կարելի է համարել, որ մեր գործն ապարդյուն չէ: Բայց հարցն այնքան խորքային ու բարդ է, որ մեզ համար նույնիսկ մեկ հոգու «փրկությունը», ես դա փրկություն եմ անվանում, չափազանց կարեւոր կարող է լինել»:
Հարեւան սենյակում արվեստագետներ Վահրամ Գալստյանն ու Անուշ Ղուկասյանը խեցեգործության ավանդական տեխնիկան են սովորեցնում Գյուլագարակ եւ Գարգառ գյուղերի պատանիներին: Այստեղ նրանց տրված է ազատ մտածելու եւ ստեղծագործելու հնարավորություն: «Զբաղվում եմ խեցեգործությամբ, երազանք էր դա, նկարչության եմ գնացել, մի ամիս: Դուրս չեկավ, դուրս եկա այնտեղից, չէին թողնում ստանդարտներից դուրս մտածեմ, էս հնարավորությունը եղավ, եկա»,- ասում է գառգառցի Ալլան:
«Մենք էլ ենք փորձել խեցեգործությունը կապել Կոմիտասի հետ, քանի որ նա ծնվել է Կուտինա, այժմ՝ Քյոթահիա քաղաքում, իսկ Քյոթահիան առնվազն մի քանի դար հայտնի է եղել խեցեգործությամբ, հախճապակե կերտվածքներով: Երեխաների աշխատանքները փետրվարին կցուցադրվեն «Հայարտ» ժամանակակից արվեստի կենտրոնում»,- ասում է Անուշ Ղուկասյանը:
Աղջիկները պատմում են , որ թե՛ Գյուլագարակում, թե՛ հարակից գյուղերում հնարավորությունները քիչ են, գրեթե չկան, եղածներն էլ դրամաշնորհային ծրագրերի միջոցով են համայնքներ մտնում:
«Երեխաների մեծ մասը չի մասնակցում, մասնակցում են նրանք, ովքեր ձգտում ունեն, ում տանը խոսում են, որ պետք է ձգտում ունենալ, առաջ շարժվել»: Գրետան իր ապագան Երեւանում է տեսնում: Գյուլագարակում իրավունքներն ու ներուժն իրացնելու, նպատակներն իրագործելու հնարավորությունները մեծ չեն:
«Կոմիտաս. հողը եւ երգը» նախագիծն, ըստ խմբավար Գոռ Մելքումյանի, տեղին է, բայց համակարգային փոփոխություն պետք է լինի, նախ պետք է բուժել ծնողներին, հետո՝ երեխաներին: Ե՛վ ընտանիքի կողմից, ե՛ւ համայնքի կողմից, ե՛ւ պետության կողմից ուղղորդման լուրջ խնդիր կա: «Ծնողներ կան, որոնց համար անհասկանալի է՝ ինչու իրենց երեխան պետք է երգի, այն էլ ժողովրդական երգ: Եթե էստրադա կամ ռաբիս կլկլոցներ լինեն, միգուցե ընդունելի լինի, բայց ժողովրդականն ու դասականը նրանց ընկալումից հեռու են»:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Նազարեթ Կարոյանն ասում է՝ նախատեսվում է նախագիծն այլ տարրեր ավելացնելով ընդլայնել, ներգրավել ներդրողների, որոնք իրենց ձեռնարկումները կզարգացնեն դեպի տնտեսություն, հաղորդակցություն, զբոսաշրջություն:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։